ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երբ Ժողովրդի վարչապետի թիմը անընդհատ խոսում է, թե իրենք ուղղակի քաղաքական իշխանություն են և նախկինների արածով ու չարածով զբաղվում են միմիայն և զուտ իրավապահները, ոչ միայն անկեղծ չեն, այլև լկտի ստում են: Ավելին, ոչ թե իրենք են քրեական հետապնդումներով և գործ կարելով զբաղվում, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը, և ուրիշ ոչ մեկ: Հայաստանում իրավապահ համակարգը քոքահան արված, ոչնչացված է: Կա միայն Նիկոլ Փաշինյան, ում ձեռքին հայտնված ռեպրեսիվ ապարատն օգտագործվում է զուտ միայն «մայն վարչապետի» քմահաճույքները սպասարկելու համար: Վերջին խայտառակ դեպքը դրա ամենավառ օրինակն է, երբ Ամուլսարի շահագործումը քննադատող բնապահպանության տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանի և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի մասին ժողովրդի վարչապետը ֆեյսբուքում գրառում է անում, ինչին անմիջապես հաջորդում է այս մարդկանց ԱԱԾ հրավիրելն ու հարցաքննելը: Այսինքն, ով չի կիսում Փաշինյանի կարծիքը, հայտնվում է ռեպրեսիվ ապարատի երախում:
Նողկալին այն է, որ հարց չեն տալիս. պարոն Փաշինյան, երբ քեզ պատկանող թերթով ու կայքով գրում էիր, ԱԺ ամբիոնից խոսում էիր, մատից ծծած փաստերով աջին ու ձախին տարիներ շարունակ մեղադրում էիր կոռուպցիայի մեջ, քեզ քանի՞ անգամ են ԱԱԾ հրավիրել ու հարցաքննել, փաստեր պահանջել, փորձել ճնշել ազատ արտահայտվելուդ իրավունքը: Եվ, սա դեռ սկիզբն է: Դիկտատորիկների մոտ ախորժակն ուտելիս է բացվում:
Հ.Գ. Դատախազության, ոստիկանության, քննչականի, հատուկ քննչականի և այլ համակարգերի գործ կարողներ հիշեք. միևնույնն է ձեր հետևից գալու են՝ հատ-հատ և անվանական: Պատասխանատվության կանչվելուց չեք պլստալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը