20 08 2019

Փաշինյանը ստո՞ւմ է․ Հայկ Մարտիրոսյանի պարզաբանումը

Փաշինյանը ստո՞ւմ է․ Հայկ Մարտիրոսյանի պարզաբանումը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է վարչապետի գրառմանն այն մասին, որ Ամուլսարի հետ կապված երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել են, իսկ մյուսին լ աշխատանքի չեն ընդունվել` ի հեճուկս աղիողորմ խնդրանքների: Քաղաքագետը գրում է․

«Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի: Քանի որ վարչապետը, փոխանակ պատասխանի իր հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին և քննադատություններին, ըստ էության, ըստ բովանդակության` անդրադառնալով հատկապես Ամուլսարի խնդրին, անդրադառնում է իր ամենասուր քննադատներին` անձնական և ցածր վիրավորանքներ հնչեցնելով` ընդ որում ասելով բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրան:Քանի որ երկրի վարչապետը` իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ իր մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը:

Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել:

Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում:

Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանին, ապա ասում են, որ նա ամենակոմպետենտ բնապահպանական պաշտոնյան է եղել, որ երբևէ պաշտոնավարել է Հայաստանում: Ակնհայտորեն, վարչապետի` վարչապետին անվայել այս խիստ անձնական ստատուսի հանգամանքը վերլուծելով, և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և ԱԱԾ ինձ հրավիրելու փաստի վրա հիմնվելով` ինձ այլընտրանք չի մնում քան եզրակացնել, որ դրանց միջև ուղղակի կապ կա:

Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը: Ամուլսարը պետք է սար մնա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ