7or.am-ը գրում է․ «Բոլթոնի պլանին առնվազն «ոչ» չասող,«Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Երևանին, Ստեփանակերտին և Բաքվին» դեմագոգիկ բանաձևն առաջ քաշող ու միաժամանակ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական արեալի ներկայացուցիչ է։
Փաշինյանը պոպուլիստ է և փորձում է դուր գալ այն լսարանին, որի առաջ ելույթ է ունենում, բայց միաժամանակ ներծծված է քիրվայական կոդերով։
Նրա իշխանությունը Տեր–Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է,բայց՝ առանց դոկտրինյոր մտածողության։ Սա ՀՀՇ–ի վերադարձն է գռեհիկ տարբերակով։
Փաշինյանը գրեթե ամենուր և ամեն հարցում կրկնում է 1–ին նախագահին։ «Մարտի 1»–ի հարցով նա նույնիսկ դարձել է Տեր–Պետրոսյանի քաղաքական փաստաբանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա նա դեռ չի գրել իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը» և չի էլ գրի, քանզի դոկտրինյոր չէ, բայց, միևնույն է, կրկնում է Տեր–Պետրոսյանի անցած ուղին։
Այսպես, օրերս տեղի ունեցած ստեփանակերտյան իր ելույթի ժամանակ Փաշինյանը «Միացո՛ւմ» էր գոռում (որպեսզի դրանից 1 օր անց ԱԳՆ–ի միջոցով Ալիևին հանգստացնի, թե բա՝ բան էր, ասացի, լուրջ մի՛ ընդունիր, և որպեսզի դրանից 4 օր անց «սելֆի» անի «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևը քարոզող ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի արձանի հետ)։
Պետք է հիշեցնել, որ 1996թ. նախագահական տխրահռչակ ընտրությունների քարոզչության փուլում Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրապետության հրապարակում «Միացո՛ւմ» էր գոռում ձայնագրված ծափերով ուղեկցվող հանրահավաքի ժամանակ։ Դրանից հետո՝ դեկտեմբերին, եղավ Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ հնչեց նախագահողի հայտարարությունը։ Ըստ այդմ՝ ԼՂՀ–ն համարվում էր Ադրբեջանի մաս՝ ինքնավարության բարձր աստիճանով։ Տեր–Պետրոսյանը «վետո» կիրառեց Լիսաբոնում, բայց հետո վերադարձավ Հայաստան ու սկսեց քարոզել, թե բա՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, «Սերգո ջանը» լավ չի ապրելու։ Իսկ լուծումը Տեր–Պետրոսյանը տեսնում էր «փուլային» տարբերակով, որը լիսաբոնյան գագաթնաժողովում նախագահողի հայտարարության գործնական կիրառությունն էր ու ճանապարհային քարտեզը։ Ասել է թե՝ «Միացո՛ւմ» գոռալուց մինչև Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով տեսնելը մեկ քայլ է։ Մեկ քայլ է նաև հրաժարական ներկայացնելը։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միացո՛ւմ» է գոռում՝ զուգահեբար դավադիր պատերազմ հրահրողներ Արցախում փնտրելով, Արցախի 1–ին ու Հայաստանի 2–րդ նախագահին շինծու մեղադրանքով կալանավորելով, հակաղարաբաղցիական քարոզ իրականացնելով, պատերազմն անցած զինվորականներին վարկաբեկելով, ապա ակամայից ասոցիացիաներ են առաջանում, և սպասում ես «ժողովրդի»վարչապետի «Լիսաբոնին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը