16 08 2019

Ովքեր կարող էին օգուտ տալ երկրին կամ ազատազրկված են, կամ անուշադրության մատնված. Գեղամ Նազարյան

Ովքեր կարող էին օգուտ տալ երկրին կամ ազատազրկված են, կամ անուշադրության մատնված. Գեղամ Նազարյան

Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Գեղամ Նազարյանը։

«Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եվ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է և անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: և եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգևոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է:

Հայի, ամբոխի, ամբոխին ապավինողի մասին տողերի հեղինակը «հակահեղափոխական» չէ, «սև» չէ, «թալանչի» չէ: Այս հանճարեղ տողերի, իսկ ավելի կոնկրետ հայի զարգացման բանաձևի հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է:

Այսօր, արդեն մեկ տարի է Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման, առաջադիմության բանաձևից՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:

Իշխում է ամբոխը, թելադրողն ամբոխն է, ընդ որում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ինչ է լինում, երբ թելադրում է ամբոխը, երբ թելադրում է կյանքում ոչինչ չնախաձեռնած, անկիրթ, գիրք չկարդացած ամբոխը, տեսնում ենք մեր շուրջը, տեսնում ենք գրեթե ամենուր: Դուռ է ջարդում, ավտոմեքենա է վարում ինչպես ուզում է, թեժ գիծ է զանգում և ու դանոս՝ մատնագիր է գրում... սա կենցաղում։ Պետական կառավարման համակարգում՝ միայն խոսում է, գործի մասին չունենալով պատկերացումներ։

Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մեծ աշխարհին կառավարում է փոքր աշխարհը՝ փոքր մարդկանցով: Շատերի համար աննկատ ռեփեր Հրագի երգի, թե բանաստեղծության հետ փոխվեց իրավիճակը: Եթե մեծ աշխարհում լուրջ գործեր են արվում, հայրենիք ազատագրում, հողը հանձնում գյուղացուն, ատոմակայան վերաբացում պատերազմից հետո, հսկայական ներդրումներ բերում երկիր և ապահովում երկնիշ տնտեսական աճ, նորոգում և կառուցում դպրոցներ, ճանապարհներ, մշակութային օջախներ, երկրի մայրաքաղաքի դեմք դարձող պողոտաներ, հսկա լեռան միջով թունել անցկացնում, ապա փոքր աշխարհում պարում են Հրագի երգերի ներքո, հայտնագործում վարչապետի պատկերով «դուխով» օղիներ, վարչապետի նկարով դեզադորներ, գորգերը հանում մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը և դրանք լվանում՝ բյուջեից ծախսելով հինգ միլիոն դրամ, անիծում և հայհոյում երկրի վիճակի մասին մտահոգություն հայտնող մարդկանց, անկախ այս երկրի հանդեպ նրանց մատուցած ծառայությունների աստիճանից և այսպես շարունակ:

Փոքր աշխարհի մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ունեն մի ձգտում՝ որևէ կերպ ապրել՝ քաղցի զգացում չունենալով:

և մինչ մեծ աշխարհը գլուխ է ջարդում հասկանալու համար, թե ինչպես պետք է փրկել իրավիճակը, ինչպես երկիրը պետք է դնել զարգացման, առաջընթացի ճանապարհի վրա, փոքր աշխարհը ընդամենը կոչ է անում չնկատել քննադատողներին, քննադատություններ հրապարակող լրատվամիջոցներին, միաժամանակ չմոռանալով ձերբակալել, կալանավորել, փռել ասֆալտին, սպառնալ և շրջափակել դատարանները:

Փոքր աշխարհի մարդիկ մեծ աշխարհի մարդկանց նման չեն, ընդհանրապես նման չեն: Նրանք առանց մտածելու կարող են օրենքի նախագիծ ներկայացնել, չթաքցնելով, որ նպատակը Սահմանադրական դատարանը ձեռնասուն դարձնելն է:

Այսպիսին է երկիրը, երբ թելադրողը դառնում է ամբոխը, երբ իշխում է փոքր աշխարհը, երբ օգտագործվում և հենվում են ամբոխի ուժի վրա:

Մինչ ամբոխը խրախճանքի մեջ է, այսօր կաշկանդված են անհատները, դիսկոմֆորտի մեջ են բոլոր նրանք, ովքեր արարող են, ովքեր ստեղծող են, ովքեր աշխատող և կառուցող են:

Հեղափոխությունը, հեղափոխական ցածրակարգ կոչերը, երկրում ձևավորված մթնոլորտը երկրի կառավարման ղեկից հեռացրել է նրանց, ովքեր այս երկրի համար հսկայական գործ են արել, և դեռ կարող են անել:

Ամբոխի մթնոլորտը անազատության է մատնում Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, որը հսկայական վաստակ ունի Արցախի ազատագրման գործում, որը Հայաստանի տնտեսությունը դրեց զարգացման բոլորովին այլ մակարդակի վրա, և որի օրոք կառուցվել անկախ Հայաստանում կառուցվածի 90 տոկոոսը։ Այսպես է ամբոխը ժամանակավորապես հաղթում անհատին։

Քրեական գործեր են հարուցված Արցախի ազատագրումը կերտած զինվորականների նկատմամբ: Ավելին, ում վրա դեռ քրգործ հարուցված չէ՝ սպառնում են հարուցել: Նրանք բոլորը անհատներ են, ովքեր ճակատագրական պահին կարողացել են պետություն ու հայրենիք պահել։

Թվարկումը կարող ենք շարունակել: Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված:

Հենց այսպես է լինում, երբ ազգը, ժողովուրդը հեռանում է իր էությունից, բնույթից, երբ փոքր աշխարհը կառավարում է մեծ աշխարհին, երբ թելադրողը ամբոխն է, երբ կառավարիչները հենվում են ամբոխի ուժի վրա: Սա սարսափելի և վտանգավոր իրավիճակ է, որից օր առաջ պետք է ազատվել:

Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։

Ամեն ինչ, ամեն ջանք պետք է գործադրել, որ իշխանության հայտնվեն պետական մտածողությամբ, պետական շահերով առաջնորդվող մարդիկ, ովքեր ստեղծագործող են, արարող, բայց ոչ շոումեն: Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք կիրառենք Վիլյամ Սարոյանի դեռ 1939թ. մեզ մատուցած բանաձևը՝ Հայաստանը պետք է կառավարեն մարդիկ, որոնք չեն հենվում ամբոխի վրա, որոնց ուժն անհատի իրենց կերտվածքն է, ովքեր անգամ չեն մտածի պոպուլիզմի և ամբոխի վրա հենվելու մասին, ովքեր գիտեն ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել զարգացման որակապես նոր մակարդակ»,–գրել  է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ