Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․
«Այսօր Gayaneh Melkom Melkomian-ին խնդրել էի, որ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, ինձ հետ մի գործընթացի մասնակցի, որում երևում են չաշխատող համակարգի մի հատվածի լուրջ խնդիրները, որոնք քաղաքացիների համար բեռ ու գլխացավանք են շարունակում մնալ` հատկապես կոռուպցիայի որպես խնդիրների լուծման գործիք մերժելուց հետո:
Ուզում եմ ասել, որ համակարգային լուծումներ և ոչ մի ոլորտում դեռ չենք տեսնում, կոռուպցիան որպես խնդիրների լուծում հանել ենք, բայց տեղը բան չենք դնում: Եթե այս բացը համակարգով չլրացնենք կոռուպցիան հետզհետե վերադառնալու է: Վերադառնալու է ոչ թե այն պատճառով, որ պետական կամ համայնքային ծառայողն է դա ուզում, այլ այն, որ քաղաքացու խնդիրեները կամ չեն լուծվում կամ տասնյակ անգամներ ավելի ծախսատար են, քան կոռուպցիան էր:
Ես այս գրառմամբ մեկ անգամ էլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում պետական հատվածում խնդիրներին համակարգային լուծումներ տալու անհրաժեշտությանը: Եվ նաև պատրաստակամություն եմ հայտնում ձեր հետ միասին համակարգաստեղծ գործին մասնակցելու և պատասխանատվություն ստանձնելու համար (փող ու պաշտոն չեմ ուզում), միայն թե հասեք այս գիտակցությանը, որոշեք, որ այլևս անհնար է և ձեր լծակները խելամիտ օգտագործելով համաստեղծման գործընթաց սկսենք: Նեպոտիզմով ու թայֆաբազությամբ համակարգ ու պետություն չենք կառուցելու:
Երևանի մասով համակարգային հարցերից է նաև ավագանիների տեղերի կրճատումը առնվազն կիսով չափ և նրանց ծառայությունը վճարովի դարձնելը: Ես գործ անող և խնդիրների համար պատասխանատվություն ստանձնող Երևանի ավագանի եմ ուզում, այլ ոչ թե խնդիրներից փոքր ինչ տեղյակ, բայց համակարգ կառուցելու իրավասություն, հնարավորություն, իսկ շատերի դեպքում նաև ժամանակ և կարողություն չունեցող ավագանու անդամներ:
Ժամանակը գնում է, իսկ քաոսն ու անկազմակերպ վիճակը բոլորիս դեմ են աշխատում: Ես քաղաքացուն ծառայող պետական համակարգ եմ ուզում: Կարծում եմ չկա գեթ մեկ խելամիտ մարդ, որ սա չուզի, հետևաբար ի՞նչն է մեզ խանգարում սա իրականություն դարձնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը