12 08 2019

Մեր վերնախավը պիտի հայտարարի, որ ժողովուրդն իրենց ճորտերն են․ 7or.am

Մեր վերնախավը պիտի հայտարարի, որ ժողովուրդն իրենց ճորտերն են․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Ի սկզբանե պարտված է այն ժողովուրդը, որի զավակները հավասար չեն օրենքի ու մահվան առջև»․ Գարեգին Նժդեհ:

Ոմանք տարակուսում են, որ մեր այսօրվա ղեկավարները բանակում չեն ծառայել ու բարձր պաշտոնների են հասել, իսկ հայրենիքին պարտքըտված տղաները ուղղակի անտեսված ու արհամարված են, դեռ մի բան էլ հալածվում են, կամ տարակուսում են, որ ղեկավարությունը օրենքները խստագույնս գործադրում է բոլորի նկատմամբ, բայց իրենց ու իրենց թայֆայի համար այդ օրենքները կարծես գոյություն էլ չունեն, որ առանց այդ էլ խիստ թուլացած միջին խավը ներկայացնող հարկատուներից վերջին կոպեկները քամելով բյուջե են ձևավորում` իրենց իսկ կողմից ուղղակի գրպանվելու համար, ու այսպես շարունակ, օրինակները անվերջ են։

Բայց մի գաղտնիք բացեմ ձեզ, պարզվում է՝ տարակուսող մարդիկ իրականում անհամեմատ շատ ավելի քիչ են, քան թե կարելի էր ենթադրել: Մարդկանց մեծ մասը այս ամենը նորմալ է համարում և չի տարակուսում: Չի տարակուսում, որ իր երկրի ընդերքի հարստությունները թալանվում են օրինակ, որ իր և իր ծնողների կառուցած էներգետիկ, արդյունաբերական ու տրանսպորտային ինֆրաստրուկտուրաները հանկարծ մի հրաշքով օտարների սեփականությունը դարձան, որ իր դուստրերը ընդամենը սնունդ և հագուստ գնելու համար պիտի գիշերային ակումբներում պարեն, որ իր որդիները, աշխատանք չգտնելու պատճառով, ստիպված օտարության ճամփան պիտի բռնեն, ու էլի այսպիսի բաներ: Սա ամենագլխավոր ցուցանիշն է այն բանի, որ հայությունը այլևս կրողն է հետադիմական քաղաքակրթական (կամ ավելի ճիշտ հակաքաղաքակրթական) մոդելի, որն ունի ոչ թե լիբերալ-ցանցային կառուցվածք, ինչպես որ առաջադեմերկրներում է, այլ հիերարխիկ-կլանային կառուցված, ինչպես որ աֆրիկյան ու ասիական հետամնաց երկրներում է:

Այսինքն, հասանելի լեզվով ասած, հայությունը այն ժողովուրդն է, որի համար նորմալը տերերի ու ծառաների հասարակությունն է, որտեղ մի խումբ մարդիկ դաժանորեն իշխում են մնացածի վրա, և վարվում են այդ մնացածի հետ ինչպես կամենան:

Ասել, որ սա միշտ այդպես է եղել, երևի թե սխալ կլինի, իհարկե պատմականորեն, գոնե վերջին 6-ից 7 հարյուր տարիների ընթացքում մեր երկիրը միշտ օտար բռնապետների իշխանության տակ է եղել, սակայն վայրենության այս մակարդակը ապահովել ենք հիմա, հատկապես վերջին, այսպես կոչված, անկախության տարիներին, որոնք իրականում գաղութացման տարիներ են, ու բացի հարյուրամյակների պատմական անցյալի բացասական ազդեցությանը, հիմնականում հենց դրա հետևանքն է այս սոսկալի ստրկամտությունն ու բարոյական անկումը:

Ելնելով այս ամենից, կարծում եմ, որ մեր հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրը այսօր սուտն ու կեղծավորությունն է, այսպես երկար շարունակել չի կարելի, մեր թավշյա վերնախավը պիտի դադարի կապիկություններ անել ու ամենայն անկեղծությամբ պիտի հայտարարի ժողովրդին, որ իրենք արտոնյալ են, իսկ ժողովուրդը իրենց ճորտերն են, որոնք օրնիբուն մեկ հացափոր աղքատավարձով պիտի աշխատեն իրենց ցոփ ու շվայտ կյանքը ապահովելու համար, և որ եթե համաձայն չեն դրա հետ՝ թող արտագաղթեն: Կարծում եմ՝ այդպես էլ կաներ մեր քրեաօլիգարխիկ թավշյա վերնախավը, եթե ժամանակակից աշխարհը նույնպես չտառապեր ստի ու կեղծիքի համընդանուր էպիդեմիայից:

Աշխարհի հզորները հիմա Հայաստանի պես երկրներին ստիպում են ժողովրդավարության իմիտացիա անել,ստիպում են կեղծ լիբերալիզմ խաղալ, լիբերալ արժեքների հիման վրա սահմանադրություններ ընդունել, որոնք չենգործում ու երբեք էլ չեն գործելու: Իսկ եթե այդ ամենը չլիներ, այս ժողովրդավարություն խաղալու հիմար ավանդույթը չլիներ, այդ դեպքում մարդիկ մեզ պես մի խումբ տարակուսողներին ուղղակի կասեին, որ հերիք է ձեր նյարդերը քայքայեք, ուղղակի հասկացեք, որ մենք ձեր տերերն ենք, իսկ դուք մեր հպատակները, ու վերջ` օրենքով, թղթով և թանաքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ