Top-news.am-ը գրում է․ «Տարիներ առաջ Արտաշես Գեղամյանը հեգնանքով եւ ծաղրանքով էր խոսում տրամվայով աշխատանքի գնացող եվրոպացի պաշտոնյաների մասին: Արտաշես Գեղամյանն այսօր պատգամավոր չէ, անգամ նախարար կամ վարչության պետ չէ, բայց նրա մտածողությունն ապրում է ներկայիս պաշտոնյաների գլխում: Այսպես մտածում են ընտանիքի անդամներով այս ու այնտեղ ուղեւորվող վարչապետն ու մյուս պաշտոնյաները:
«Օդանավում ազատ տեղ կար գնացի, ինչ կա որ», «Ես իմ արձակուրդն էի ուզում անցկացնել պատահաբար համընկավ ամուսնուս ուղեւորության հետ», «Կարեւոր հանդիպումներից առաջ պետք է երեխային գրկեմ ու քնեմ»,- ասում են «դուխով» հայ պաշտոնյաները եւ ընտանիքով օգտվում օդանավից եւ ուղղաթիռից, ավտոմեքենաներից եւ ...
Այս մտածողության պատճառով Հայաստանը զարգացման ամենացածր աստիճանների վրա է: Երկրի ղեկավարները շրջում են շքեղ ավտոմեքենաներով եւ օդանավերով, ընդ որում, ՀՀ քաղաքացիների հաշվին, իսկ նույն ՀՀ քաղաքացիները մի կերպ խցկվում են վաղուց բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ:
Լեհաստանում վաղուց արդեն միջին վիճակագրական լեհը ստանում է արժանապատիվ աշխատավարձ, օգտվում արժանապատիվ տրանսպորտից եւ ուշադիր հետեւում երկրի ղեկավարությանը, այնքան ուշադիր, որ մի անգամ կնոջ հետ օդանավ նստած Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց, երբ մամուլին հայտնի դարձան, որ ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ իշխող կուակցության քաղաքական գործիչներն՝ իրենց ընտանիքների հետ:
Լեհերը լավ են ապրում, լեհերը մեզ նման «դուխով» չեն, բայց առաջ են շարժվում եւ զարգանում: Լեհերը Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ, Արցախի չլուծված խնդիր չունեն, բայց ավելի ուշադիր եւ խիստ են իրենց ղեկավարների հանդեպ:
Իսկ մենք աղբահանության հարց ենք քննարկում, ընտանիքով այս ու այնտեղ գնում ժողովրդի հաշվին եւ մատ թափ տալիս համարձակ դատավորների եւ ՀՀ քաղաքացիների վրա, փորձում օրենքով ամրագրել ապօրինությունները եւ կամայականությունները:
Լեհերը «դուխով» չեն, բայց արժանապատիվ մարդիկ են, իսկ մենք ի՞նչ ենք կամ մենք ո՞վ ենք: «Դուխով» ժողովուրդ, «դուխով»: Կարեւորը «դուխն» է, իսկ մնացածը դատարկություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը