07 08 2019

BBC-ի ձևակերպումներն ու վերնագիրը բազմաթիվ հարցեր են առաջացնում. Սողոմոնյան

BBC-ի ձևակերպումներն ու  վերնագիրը բազմաթիվ հարցեր են առաջացնում. Սողոմոնյան

News.am-ը գրում է.

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների քննության մասին BBC-ում հոդվածի հրապարակման տեղեկատվական առիթն է եղել քննիչի ինչ-որ պնդումը, որն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով նշված հոդվածի հայտնվելը եւ հրապարակման պատվիրված բնույթի հնարավորությունը:

«Չեմ կարող պնդել՝ հոդվածը պատվիրված բնույթ ունի, թե ոչ: Բայց որոշ ձեւակերպումներ, ինչպես նաեւ վերնագիրը, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջացնում: Օրինակ՝ պե՞տք էր արդյոք որպես պնդում բխեցնել, որ ղարաբաղյան ուժայինները կրակել են մարտի 1-ի ցուցարարների վրա: Այսինքն՝ սա ինչ-որ բան է, որն իրականությանը չի համապատասխանում, եւ դա վաղուց է հայտնի: Չէ՞ որ ապացուցվել է, որ մարտի 1-ին Զինված ուժերը ցուցարարների հետ չեն բախվել, սա առաջին: Երկրորդ՝ դա չի կարող ճիշտ լինել, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, 10 զոհերը զոհվել են միանգամայն տարբեր իրադրություններում, եւ որեւէ կողմից չի եղել միատեսակ ուժի կիրառում: Մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ինչպես այսօր պարզաբանել են մեր փաստաբանները, մենք գործ ունենք ոչ թե փաստերի հետ, այլ քննության ինչ-որ վարկածի, որը չի հաստատվում ո՛չ փաստերով, ո՛չ քննությամբ: Այնպես որ, այս իմաստով առաջ չընկնեմ, բայց հավանականություն կա, որ այսպիսի մեկնաբանությամբ հոդվածը պատահաբար չի հրապարակվել:

Մյուս կողմից՝ չեմ կարող չնշել, որ հոդվածում պահվել է պարիտետության ինչ-որ սկզբունք, եւ ասես կարծիքներ են ներկայացված, որոնք հերքում են առաջ քաշված տարբերակները: Միեւնույն ժամանակ, նշված չէ, որ ազատ է արձակվել բարձրաստիճան ոստիկանը, ում քննությունը նույնպես մեղադրում է 2008 թվականի մարտի 1-ին կոնկրետ մարդու սպանության մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ամբողջ հոդվածը կարդանք, կարող ենք կազմել որոշ համեմատաբար պարիտետային պատկերացում այն մասին, թե ինչ է ցանկացել ասել հեղինակը: Սակայն վերնագիրը եւ լուսանկարների որոշ մակագրություններ ոչ օբյեկտիվ են, եթե չասենք չափազանց սուբյեկտիվ են, եւ դա մի շարք հարցեր է առաջացնում:

Այսպես թե այնպես, պետք է ափսոսանք հայտնեմ, որ նման հեղինակավոր հրատարակությունը, ինչպիսին BBC-ն է, իրեն մի շարք նման անճշտություններ է թույլ տվել, որոնք կասկածի տակ են դնում տվյալ հոդվածի հեղինակությունը, որը հրապարկվել է այդքան հայտնի հետուստաընկերության անվան տակ»,- նշեց Սողոմոնյանը:

Հարցին այն մասին, թե ինչպես կարող էին գործի նյութերը հայտնվել լրագրողի մոտ, Սողոմոնյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչպես է դա տեղի ունեցել:

«Այնուամենայնիվ, ցավում եմ, որ, եւ դա ակնհայտ է, որոշակի սպեկուլյատիվ բաղադրիչ կա նրանում, որ քննիչի ընդամենը հարցը հիմք է հանդիսացել հոդված գրելու համար: Ուշադրություն դարձրեք՝ տեղեկատվական առիթ է քննիչի ինչ-որ պնդումը, որը չի համապատասխանում իրականությանը: Հենց այդ պատճառով եմ ասում այդ հոդվածի տարօրինակության եւ BBC-ի վարկանիշային կորուստների մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ