Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետի կողմից արված հայտարարությունները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ նա լրջորեն խճճվել է «ֆիզիկայի և մետաֆիզիկայի» արանքում: Նրա հայտարարությունների բովանդակությունն էապես համադրելի չէ վարչապետի հեղափոխական «սկզբունքայնությանը»: Բայց սա հարցի մի կողմն է, որին դեռ կանդրադառնամ:
Վարչապետի հայտարարություններում այնպիսի նշաձողեր էր սահմանված, որի համար անթրաշ եղած ժամանակ անվերապահ քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին: Արդյոք տրամաբանության մեջ առկա՞ է հակադրություն. երրորդ նախագահը հավատացնում էր, թե 2040 թ. բնակչության թիվը Հայաստանում կհասնի 4 մլն-ի, վարչապետ Փաշինյանը հայտարարում է 5 մլն բնակչության մասին 2050 թ․-ին: Այլ կերպ ասած` անուղղակի հայտարարում է՝ «Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի»:
2050թ., ասել է թե՝ «ով սաղ, ով` մեռած», այն էլ արագ վերափոխվող ժամանակակից աշխարհում: Բայց պարզվում է, որ կա մեկը, ով վարդապետական ճշգրտությամբ «պատկերացնում» է զարգացումների տրամաբանությունը տասնամյակների կտրվածքով: Այ քեզ թավշյա հրաշագործ: Ու երբ նրա շուրթերից արտաբերվում էին բարձրագոչ թվեր (1.5 նոր աշխատատեղ, 2.5 մլն մարդու զբաղվածության հարցի լուծում, 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը և այլն), ակամայից հիշում էի հրապարակում կարգված վարչապետի կողմից խորհրդարանում կառավարության հեղափոխական ծրագրի ներկայացման որոշ դրվագներ: Այսպես, երբ ընդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները բարձրաձայնում էին կառավարության ծրագրում չափելի գործիքակազմերի բացակայության, թվերի սահմանափակության մասին, վարչապետը հայտարարում էր, թե, ի տարբերություն ձեզ, մենք չենք եկել թվերով խաբելու մարդկանց: Ստացվում է՝ թվեր չսիրող վարչապետը սկել է դրանք սիրել, որովհետև, ինչպես ինքն էր պնդում, թվերով ավելի դյուրին է խաբել մարդկանց:
Իհարկե թվերը դրանք չափելի ցուցիչներ են՝ հատկապես կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատելու հարցում: Հասկանալի չէ այն, որ կառավարության հնգամյա ծրագրում դրանց բացակայությունն ինչպե՞ս է երաշխավորում այն ենթադրյալ արդյունքը, որը 2050 թ. խոստանում է վարչապետ Փաշինյանը: Ինչպե՞ս հավատալ 2050թ. «հմայապաշտական» ցուցանիշներին, եթե նույն վարչապետ Փաշինյանը խուսափում է կառավարության ծրագրում ամրագրել թվեր, որոնք չափելի ցուցիչ պետք է հանդիսանան թավշյա կառավարության գործունեության ընթացիկ գնահատականը տալու համար:
Առաջին անգամ անկեղծ խղճում են Նիկոլին դեռևս հավատացողներին: Նրանք, իրավամբ, մեղք են, որովհետև վերջնականապես հուսալքվելու և սթափվելու համար ստիպված են սպասել ևս 30 տարի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը