05 08 2019

«Ազատության» եթերաժամանակի առյուծի բաժինն իշխանական դիրքորոշում ունեցողներինն է

«Ազատության» եթերաժամանակի առյուծի բաժինն իշխանական դիրքորոշում ունեցողներինն է

Վերջին օրերին «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի թողարկումների հիմնական թեման դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ իրավական գործընթացն է։ Մշտապես հիշեցվում է, որ նա Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, իսկ օգոստոսի 4-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ բացառիկ հարցազրույցի է հրավիրվել իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, որը շեշտում է, որ ոչ մի արտառոց բան չի տեսնում, որ «քրեորեն պատժելի արարք թույլ տված դատավորը ենթարկվում է քրեական հետապնդման» և համոզմունք է հայտնում, որ՝ «շատ պաշտոնյաներ կան, որ իրենց պատասխանատվության հերթին են սպասում»։ Այս մասին հայտնում է «Մեդիա Պաշտպան»-ը։

Հրայր Թամրազյանը հատուկ հիշեցնում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը վճիռ է կայացրել Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» խափանման միջոցի վերաբերյալ եւ խնդրում է Տիգրան Եգորյանին կրկին գնահատել այդ վճիռը, որն էլ հիշեցնում է ողջ գործընթացը՝ ՊՊԾ գնդի գրավումից մինչեւ նրա առողջական վիճակը կալանքի ենթարկելով վատթարացնելու ու մահվան նպաստելու մեղադրանքներով։

Ի դեպ, Եգորյանի հետ հարցազրույցի տեքստային տարբերակում դատավորի փաստաբան Երվանդ Վարոսյանի տեսակետը ներկայացվում է 1 րոպեի ընթացքում։ Փաստաբանը հայտնել է, որ դատավորը մեղադրանքը չի ընդունում, որ ՀՔԾ-ում մեղադրանքի առաջադրման ժամանակ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ասել է, որ տեղի ունեցածը պայմանավորում է իր նախորդ որոշումներով։

Սակայն տեսագրությունում Եգորյանի հետ հարցազրույցը տեւում է շուրջ 40 րոպե, ինչը թույլ է տալիս արձանագրել, որ «Ազատություն» TV-ն շարունակում է թիրախավորված անձանց և թեմաներով հարցազրույցների, ռեպորտաժների պատատրաստումը՝ լուսաբանման «առյուծի բաժին» հատկացնելով այն կողմի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանում են իշխանական դիրքորոշում, որն էլ իր հերթին հակասում է համակողմանի լրատվություն տարածելու կանոններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ