05 08 2019

Արդյո՞ք Փաշինյանը կարող է հավակնել դառնալ հայկական ինքնության պահապանը․ կարծիք

Արդյո՞ք Փաշինյանը կարող է հավակնել դառնալ հայկական ինքնության պահապանը․ կարծիք

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրը բավականին հագեցած էր, օգոստոս ամսվա համար խիստ տարբերվող։

Այսօր Արցախում մի քանի անգամ հնչեց «ազգային ինքնություն» արտահայտությունը, ինչը, ցավոք սրտի, բավարար չափով պարզաբանված ու բացված չէ մեր իրականության մեջ։

Փորձեմ ներկայացնել Հայկական ինքնության հիմքերը, որոնք, իմ ընկալմամբ, դարեր շարունակ, պահպանել և ամրացրել են Հայկական ինքնությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության շրջանում։

1. Հայ Առաքելական Եկեղեցին.

Ծագումով հայկական և հայկական շահին ծառայող կրոնական կենտրոն, որն իր մեջ կրում է Հայկական պետականության բոլոր ատրիբուտները և պետականության կորստի պայմաններում դարեր շարունակ պատվիրել է հայկական գիր և կրթություն, մշակույթ, դպրոց, արվեստ և գիտություն, պահպանել և զարգացրել հայոց լեզուն ու գրականությունը։ Կարծում եմ՝ կարելի է անվերջ գրել Եկեղեցու կարևորության ու նշանակության մասին։

2. Հայկական քաղաքակրթածին մշակույթը.

Դարեր շարունակ հայկական բարձրավանդակում ձևավորված մշակույթն ու արվեստը ուղենշային են եղել բոլոր քաղաքակրթությունների համար, հատկապես Եվրոպական, քանի որ այն հիմնված է եղել քրիստոնեության արժեքների և իդեալների վրա։

3. Հայկական ազգային և ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, որոնք դարեր շարունակ, օտար դոմինանտ ժողովուրդների և բարքերի պայմաններում կարողացել են մեզ հայ պահել և այդ ավանդույթների ու արժեքների միջոցով սերնդե սերունդ փոխանցել այդ հայկականության կոդը և հասցնել մինչև մեր օրերը։

4. Հայկական մեծ երազանքը։

Բոլոր ժողովուրդները ունեն մեծ երազանքներ, որոնք նրանց ստիպում են հավատալ և պայքարել այդ երազանքների իրագործման համար։

Հայկական երազանքը Մեծ Հայաստանի վերականգնումն է, ծովից ծով Հայաստանը, հայերի ցեղասպանության և, առհասարակ, հայկական հարցի միջազգային ճանաչումն ու հայանպաստ լուծումը, Արցախի անկախության հայկական և միջազգային ճանաչումը, ինչպես նաև գլոբալ հայկական ցանցի ձևավորումը։

5. Հայկական շահին ծառայելու և նշված 4 հիմքերը ճանաչելու և ընդունելու հանգամանքը։

Հնարավոր է՝ ինչ-որ բան բաց եմ թողել, բայց հիմնական կետերով նշել եմ ազգային ինքնության գոյաբանական նշանակություն ունեցող հիմքերը։

Հիմա խնդրում եմ ինձ ասեք. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այն առաջնորդն է, որ կարող է իրեն իրավունք վերապահել հավակնել դառնալ հայկական ինքնության պահապանն ու երաշխավորը։

Երբեմն ինձ թվում է, թե կան մարդիկ, որոնք հավատացած են, որ միայն խոսքերով հնարավոր է լուծել բարդ խնդիրներ, հատկապես երբ գործողություններդ ունեն տրամագծորեն հակառակ ուղղվածություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ