05 08 2019

«Ժողովրդի վարչապետը» հայտարարում է կառավարման ճգնաժամի մասին․ կարծիք

«Ժողովրդի վարչապետը» հայտարարում է կառավարման ճգնաժամի մասին․ կարծիք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ժողովրդի վարչապետը» գտել է մի «գաղտնի» փաստաթուղթ, որում ասված է, որ «պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:

Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։

Քաղաքական ճգնաժամը, կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։

Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պնդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։

Կրիզիս՝ ճգնաժամ, բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն, երբ պետությունը ձախողվում է և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է՝ հայտարավում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերը, իսկ հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։

Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով «շրջադարձային հանգրվան», ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ մտնելու գործընթացի սկիզբ է հանդիսանում։

«Ժողովրդի վարչապետը» հենց ինքն է նման ողբերգական, ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հայտարարություն անում, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին։

Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ