05 08 2019

Տեր-Պետրոսյանը վերցնում է իշխանությունը. Փաշինյանը հանձնվե՞լ է

Տեր-Պետրոսյանը վերցնում է իշխանությունը. Փաշինյանը հանձնվե՞լ է

Top-news.am-ը գրում է.

«Իշխանության ձեւավորման պրոցեսը Հայաստանում կանգ չի առնում։ Ամիսներ ի վեր երկրում ընթանում է նոր իշխանության ձեւավորման հիբրիդային պրոցես, որի շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտվելով Փաշինյանի անփորձությունից ու նաեւ հուզական ոչ կայուն որակներից օր օրի մեծացնում է իր ազդեցությունը պետության կառավարման գործում։

Մինչ Փաշինյանին համոզել են, թե մարտի 1-ը բացահայտված է, եւ ողջ ժողովուրդը սպասում է միայն դրան, պետության իրավապահ համակարագը այս շղարշի տակ անցնում է Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի հսկողության տակ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է դատախազությանը, ՀՔԾ-ին։

Ջհանգիրյանը շատ պրոֆեսիոնալ խաղում է Փաշինյանի նոր թուլության վրա՝ անընդհատ լսել քննիչների, դատախազների զեկուցումները այս կամ այն քրեական գործի ընթացքի վերաբերյալ։ Ջհանգիրյանի տիրապետության տակ աշխատող համակարգն էլ զեկուցում է՝ ինչ ուզում է, ինչ հրահանգված է, ինչ պետք է։ Մամուլում անդրադարձ եղավ Ջհանգիրյանի վստահելի կադրերից մեկի՝ Արմեն Հարությունյանի մասին։ Վերջինս այս օրերին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն է ու հենց նա « նախաձեռնեց» դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը։

Մամուլում եղել են հրապարակումներ նաեւ, որ մարտի 1-ի գործը գծագրվել է հենց Ջհանգիրյանի աշխատասենյակում եւ հետո հրամցվել ՀՔԾ պետին։ Մասնագետների կարծիքով դա հենց Ջհանգիրյանական ձեռագիր է. մեծ աղմուկ, քրեական գործի մեգապատմություն, իսկ տակը բան չկա՝ ոչ ապացույց, ոչ հիմք։ Հետո դրանք փլվում են, բայց պատասխանատվություն կրում են ուրիշները, եւ ոչ երբեք՝ Ջհանգիրյանը։

Գագիկ Ջհանգիրյանի «բարձր» հովանավորությամբ մշակվեց ՍԴ օպերացիան եւ փորձ արվեց ՍԴ նախագահ հռչակել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ մոլեռանդ համակրին՝ Վահե Գրիգորյանին։ Վերջինս ինքնահռչակվեց ՍԴ նախագահ, ստեղծվեց արհեստական ճգնաժամ, իսկ Փաշինյանն էլ ցնցվեց Վահե Գրիգորյանի նամակից։ Եվ դարձյալ Փաշինյանին թվաց, թե հիմնական դերակատարը եւ որոշումներ ընդունողն ինքն է։

Ի դեպ, պարբերաբար սոցիալական ցանցերում հայտնվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի որդուն պատկանող սրճարանից լուսանկարներ, նրա իսկ մասնակցությամբ՝ «Վահե Գրիգորյանին սպասելիս» մակագրությամբ։ Տեր-Պետրոսյանի համակարգն արդեն աշխատում է բաց խաղաքարտերով՝ ցուցադրաբար հասկացնելով, թե որտեղ եւ ում հրահանգով են երկրում ընթանում պրոցեսները։ Փաշինյանը դարձյալ չի նկատում պրոցեսը։

Զուգահեռ զարգացումներ են գնում մյուս ոլորտներում։ Վարչապետի մամուլի խոսնակն է Տեր-Պետրոսյանի երդվյալ զինակից Վլադիմիր Կարապետյանը, որն ամբողջությամբ իր կուռացիայի տակ է առել իշխանական քարոզչամեքենան. Ստեղծվել է բավական կոշտ տոտալիտար համակարգ, մամուլի ազատության հետ որեւէ կապ չունեցող, որը համակարգվում է մեկ անձի կողմից։ Նրա անմիջական հրահանգով են եթերներ տրամադրվում Հ1-ում, «Ազատությունում», գրվում շրջաբերական հանդիսացող խմբագրականներ եւ կազմակերպվում ֆեյքերի գործարանի աշխատանքը։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, ապա այդ համակարգը իրականում աշխատում է Տեր-Պետրոսյանի թիմի օգտին եւ ոչ թե Փաշինյանի։ Իսկ վարչապետը դարձյալ չի նկատում դա եւ զարմանում է թե ինչու է ոչ իշխանական մեդիա համակարգն ավելի ազդեցիկ քան իրենը։ Խնդիրը «պեռաշկիի փողը» չէ։ Խնդիրը յուրային համակարգի ոչ յուրային լինելու մեջ է։

Վլադիմիր Կարապետյանի հաջորդ ոլորտը Արտաքին գործերի նախարարությունն է։ Հիշեցնենք, որ նա մինչ 2008 թվականը աշխատել է այնտեղ։ Վլադիմիր Կարապետյանը խնդիր է դրել սահմանել տոտալ վերահսկողութուն ԱԳՆ-ում եւ հասնել նախարար Զոհրապ Մնացականյանի եւ նրա տեղակալների եւ ԱԳՆ քարտուղարի հրաժարականներին։

Վերջին օրերին հրապարակային բաց նամակների պատերազմ սկսվեց Տեր-Պետրոսյանի մեկ այլ մոլեռանդ զինակցի Տիգրան Պասկեւիչյանի եւ Հանրային հեռուստաընկերության նորընտիր նախագահ Արա Շիրինյանի միջեւ։ Իբր ստեղծագործական տարաձայնութունների տակ, իրականում թաքնված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օպերացիան Պասկեւիչյանի միջոցով վերցնել Հ1-ը։ Բայց պլանը ինչ-ինչ պատճառներով ձախողվեց եւ պարտված կողմն անցավ «խուժան կռվի»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը վերցնելու հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում եւ առաջիկայում լինելու են նոր զարգացումներ։ Փաշինյանը կամ ինչ-ինչ պատճառներով հանձնվել է, կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին։ Սա առաջին հերթին պետք է անհանգստացնի Փաշինյանի նեղ թիմին, հեղափոխության լիդերներին։ Տեր-Պետրոսյանի հաղթանակը նրանց ուղղակի պարտությունն է, թե անձնապես, թե հեղափոխության հռչակած արժեքներ։

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանական Ջհանգիրյանական կարեւորագույն օպերացիան մնում է ԱԱԾ-ն։ Արթուր Վանեցյանն իր վարկանիշով եւ իր սահմանադրական անկախությամբ ոսկոր է Տեր-Պետրոսյանական պլանների կոկորդում։ Արթուր Վանեցյանի դեմ ուղիղ պատերազմի այս պահին այդ համակարգը չի գնա, բայց միջնորդավորված ճնշումների, վարկաբեկման փորձերի, մամուլային արշավի, «քաղհասարակության» պահանջների պակաս չի լինելու։ Ի վերջո, բազմաթիվ մարդիկ կմտնեն Փաշինյանի սենյակ ու ի միջի այլոց կհորդորեն ազատվել Վանեցյանից։ Նման տեխնոլոգիաների Տեր-պետրոսյանական համակարգը լավ է տիրապետում։

Ամփոփում

Իշխանության հիբրիդային գրավման պրոցեսը երեք բեւեռի պետք է լրջորեն մտահոգի. ՔՊ, ԱԱԾ եւ հասարակության գիտակից հատված։ Եթե ոմանց թվում է թե իշխանության ձեւավորումը Հայաստանում առաջիկա հինգ տարվա համար ավարտված է, չարաչար սխալվում են։ Եվ նաեւ փաստ չէ, որ իշխանության փոփոխություն կարող է տեղի ունենալ ընտրությունների միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ