03 08 2019

Գնում ես` արցախցու տոնը փչացնես, որ ի՞նչ անես. 7or.am

Գնում ես` արցախցու տոնը փչացնես, որ ի՞նչ անես. 7or.am

7or.am-ը գրում է.

«Ամառային արձակուրդը «լավ է եկել» Փաշինյանի վրա. իր եւ ընտանիքի անդորրն աչալրջորեն հսկող անվտանգության աշխատակիցների «էսկորտի» ուղեկցությամբ, հին, բարի ժամանակների «Նիսսան քաշքայի» պատուհանից հայրենի բնաշխարհի գեղեցկությունը վայելելուց, «սիմինդ-փարթի»-ից, Սեւանա լճի փիրուզագույն ջրերում թրջվելուց հետո մանրից սկսում է հաղթահարել «ժողովրդի» հետ շփվելու բարդույթը` վերադառնում է տեղի-անտեղի «լայվ» մտնելու ռեժիմին։

Մի քիչ անբնական է ստացվում․ էմոցիայի, էքսպրեսիայի պակաս կա` հետ է վարժվել հեղափոխական անցյալից, բայց ջանում է` ինչպես կարող է։ Աշխատանքի դուրս գալու առաջին օրը ավտոմեքենայից «լայվ մտավ», թեեւ մեծ հաշվով ասելիք չուներ հպարտ քաղաքացուն, հաջորդ օրն էլ առավոտ շուտ Սեւանի ափից միացավ ուղիղ եթեր`ավետելու, որ երեք օրից ժամանում է Ստեփանակերտ` մասնակցելու օգոստոսի 6-ին տեղի ունենալիք Համահայկական խաղերի բացմանը։

Արցախի դեմ սանձազերծած «պատերազմից» հետո, որի մասին անթաքույց ուրախությամբ ծանուցեց ադրբեջանական մամուլը, այնքան «երես» ունի, որ ելույթ էլ է ունենալու` «օգտվելով առիթից, որ հավաքվելու են հայության բոլո՜ր մասերի ներկայացուցիչները, բոլո՜ր հատվածների ներկայացուցիչները»։

«Սա շատ լավ առիթ է` մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը եւ խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի եւ դրա ստեղծած հնարավորությունների մասին եւ այդ հնարավորությունները ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործելու մասին»,- խոստումնալից, մի քիչ էլ առեղվածային մեղմ ժպիտով ազդարարեց ալամ աշխարհի հայոց վարչապետը` «բոլորին սիրով հրավիրելով» օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին Ստեփանակերտի Վերածննդի պլանավորված սույն դարակազմիկ իրադարձությանը։

«Կարծում եմ, տեղի է ունենալու իսկապես շատ կարեւոր խոսակցություն։ Իհարկե, կանդրադառնամ նաեւ հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի, բայց ընդհանուր առմամբ մեր հիմնական օրակարգը լինելու է համազգային միասնության մի կարեւոր արձանագրում անելը եւ սրանից բխող հետեւություններ անելը»,- ասաց նա։

«Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետեւ նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, եւ հույս ուեմ այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, ոչ թե հույս ունեմ, այլ այդպես էլ կլինի` նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, ունենալ շատ կարեւոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի եւ վաղվա անելիքների մասին։

Խնդրում եմ բոլորիդ տարածել այս տեսանյութը, հատկապես` Արցախի մեր հայրենակիցներին, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, տեղյակ լինեն իրադարձության մասին։ Եվ այսպես, կհանդիպենք օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին Ստեփանակերտի լեգենդար Վերածննդի հրապարակում»,- երեք րոպեանոց գովազդային «հոլովակում» երրորդ եւ վերջին անգամ հրավերը վերահաստատեց Փաշինյանը` վստահեցնելով. «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։

Ափսոս` չմանրամասնեց, «բոլորին» ասելով, ո՞ւմ նկատի ունի` բոլորի՞ն, թե՞ միայն յուրայիններին։ Օրինակ`գեներալները, սպաները, որոնց թալանչիներ, բանակից գողացող մկներ է համարում, «նախկինների դռներին վնգստացող» դատավորները, երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցները, որոնց «սերժառոբական հայրենաթալանի» փշրանքների, «պեռաշկիի», լավագույն դեպքում` պիցցայի դիմաց ծառայություններ մատուցող ծախու ցուցարարներ, գրչակներ, իր գրառումների տակ դիսլայք դնող, քննադատական գրառումներ անող ֆեյքեր է անվանում, մտնո՞ւմ են այդ «բոլորի» մեջ, թե՞ չէ։

Հիշեցնենք` Փաշինյանի վերջին այցը Ստեփանակերտ նշանավորվեց նրանով, որ մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումների կեսից խռովեց, վերադարձավ Երեւան, մտավ Ֆեյսբուք եւ... դեղին քարտ ցույց տվեց Արցախի «քողարկված հակահեղափոխականներին»`սպառնաց, որ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի հակահեղափոխական խաղեր տալ, Արցախի ժողովուրդը հուժկու հակահարված կտա`նույն պահին հակահեղափոխությունը կվերածի հեղափոխության։

Հետո էլ անորոշ ակնարկներ արեց երեւակայական ինչ-որ «հրեշների»` դավադիրների մասին, որոնք դավաճանական ծրագիր են մտմտում իր դեմ` ուզում են հողեր հանձնել, որ իրեն «պադստավիտ» անեն` մեղքը գցեն իր վրա։

Այս անգա՞մ ինչ անակնկալ կմատուցի «հայության բոլոր հատվածների ներկայացուցիչներին»` դժվար է ասել, քանզի անիմանալի են Նիկոլի ուղիները։

Հուսանք, բանը չի հասնի Հայաստան-Արցախ նոր հակամարտության` կատակլիզմներ չեն լինի, եւ «համազգային միասնության մասին կարեւոր խոսակցությունը» նոր փորձություն չի դառնա «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից քաշված»` ներքին առճակատման պատանդ դարձած «հայկական աշխարհի» համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ