02 08 2019

ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԱԽ քարտուղարը հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ քարտուղարը ողջունել է տիկին Թրեյսինն ԱԽ գրասենյակում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարեւորությունը: Քարտուղարը նաեւ անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարեւորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաեւ Արցախին տրվող Ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարեւորությունը:

Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, եւ նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը եւ Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ