Politik.am-ը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պոպուլիստական քաղաքականությունը։ Փաշինյանը ոչ թե խնդիրների լուծումներ է փնտրում, այլ փորձում հասարակության լայն զանգվածների համար դուրեկան հայտարարություններ և քայլեր իրականացնել։
Որպեսզի հասկանանք, թե ո՞րն է վարչապետ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը փորձենք հասկանալ, թե ի՞նչ է պոպուլիզմը և ինչպես է այն իրեն դրսևորում քաղաքականության մեջ։
Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը՝ նվաճելու զանգվածների աջակցությունը, դուր գալ ժողովրդին: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ-քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:
Պոպուլիստները իրենց հռետորաբանությունը կառուցում են` շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը:
Պոպուլիզմի առավել տարածված տերմինաբանության շարքերն են դասվում «ուղիղ ժողովրդավարություն», «հակաժողովրդական կառավարություն», «բյուրոկրատիայի քննադատությունը», «պայքար կոռուպցիայի դեմ» արտահայտությունները: Պոպուլիստները հաճախ վստահեցնում են, որ սոցիալական խնդիրներն ունեն հասարակ լուծումներ: Որպես լուծում առաջարկվում է պայքարը իշխանության դեմ քաղաքական խմբավորումների կողմից, պայքարը կոռումպացվածների և բյուրոկրատների դեմ, կառավարմանը ժողովրդի ներկայացուցիչներին ներգրավելը:
Ահա սրանք էին պոպուլիզմի հիմնական բնորոշումները, որոնք կարծես գրված լինեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հիման վրա։ Փաշինյանի համար քաղաքականությունը մեծ շոու է, որը մշտապես առավել էքստրեմալ հնարաքներ է պահանջում, որպեսզի էկրանների մոտ պահի հեռուստադիտողին։
Երեկ Կալավանի բնակչին իրեն խորհրդական նշանակելը ևս այս տրամաբանության մեջ է տեղավորվում և Փաշինյանի պոպուլիստական շոուի նոր եթերաշրջանի բացումը ազդարարեց։ Իհարկե, լավ է, որ գործարարը կարողացել է հեռավոր գյուղում հաջողության հասնել, բայց պարտադիր չէ, որ նա նշանակվի վարչապետի խորհրդական։ Գործարարը իր բիզնեսը ծաղկեցնելով կարող էր շարունակել մոտիվացնել շատերին, իսկ Փաշինյանի որոշումը հաջողակ գործարարից չինովնիկ է կերտում։ Բայց դա Փաշինյանի համար այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ մասանները ծափահարություններով ընդունեցին իր որոշումը։
Հ․Գ․ Ի դեպ, պետք է նկատել, որ Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը հաջողությունների է հասել նախկին «հանցավոր ռեժիմի» իշխանության տարիներին։ Այսինքն՝ Փաշինյանն հերքում է իր այն հայտարարությունները, թե նախկին իշխանությունների ժամանակ հաջող բիզնես ունենալու համար պետք էր «փայ» տալ իշխանության ներկայացուցիչներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը