Հարց. Ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա:
Պատասխան. Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին և տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար:
Մեր ժողովրդավարության ամրապնդումը մեր՝ որպես հասարակության էվոլուցիայի հարց էր այնպես, ինչպես նմանօրինակ հարց է նաև մեր պետության և ազգային անվտանգության օրակարգի ամրապնդումը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ: Ուստի, մենք մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին Թավշյա հեղափոխության նպատակները և խաթարվի ժողովրդի անվտանգությունը:
Մենք այս կամ այն ուղղության չենք հարում: Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է: Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարևորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, և որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում:
Հարց. Կա՞ն օրինակներ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և Ռուսաստանը հարթել տարաձայնությունները, նվազեցնել լարվածությունը և առաջ տանել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ: Եվ ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը՝ այս ամենին օժանդակելու գործում:
Պատասխան. Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ: Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություննե, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ:
Հայաստանը իրապես ի ցույց է տվել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին:
Հարց. Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են: Ինչպե՞ս կարող է Հայաստանը լիարժեք օգտվել ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) և որո՞նք են դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետները:
Պատասխան. Այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ: ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է:
Եվրոպան հետևողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը: 2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից ի վեր, մենք ԵՄ հետ շատ ինտենսիվ, ծավալուն քաղաքական և տնտեսական ներգրավվածության մեջ ենք: Որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը:
Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, և ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը