Top-News.am-ը գրել է. Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն է Արմեն Հարությունյանը` գլխավոր դատախազի տեղակալը։ Եվ հենց նա է հուլիսի 26-ին միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
Շատերին Արմեն Հարությունյան անուն ազգանունը ոչինչ չի ասում: Նա իրավապահ համակարգում միշտ շատ կարեւոր դիրքերում է եղել, բայց մնացել է ստվերում: Հանրությունը նրան չի նկատել։
Արմեն Հարությունյանը դատախազությունում նոր մարդ չէ: Նա համարվում է Գագիկ Ջհանգիրյանի ստվերը: 1997-2007 թվականներին նա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի տեղակալն էր, և լավատեղյակ աղբուրների փոխանցմամբ՝ աջ ձեռքը:
Հավանական է, որ գլխավոր դատախազությունն արդեն անցել է ստվերային կառավարման ռեժիմի, որի հեռակառավարման վահանակը գտվում է Գագիկ Ջհանգիրյանի ձեռքում։
Դատախազությունն անցել է Ջհանգիրյանի ղեկավարած հիմնարկների գործելաոճին. Ձեռագիրը շատ նման է: «Ջուր» գործերով հարուցված քրգործեր, պատժիչ մեխանիզմների գործարկումներ:
Ակնհայտ է արդեն շատ-շատերի համար, որ դատախազությունն անցնում է Ջհանգիրյանի վերահսկողության ներքո՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս ամենը նկատելի է շատ-շատերի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի համար:
Կամ վարչապետ Փաշինյանը չի նկատում սողացող այս գործընթացը եւ չի տիրապետում իրավիճակին, կամ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով ուղղակի չի կարողանում վերահսկել երկրում ընթացող պետական համակարգերի կազմաքանդումը, կամ նա ինքնակամ է պետական համակարգը հանձնել այլոց՝ ստվերային կառավարման։ Ուրիշ տարբերակ չկա: Դժվար է ասել, թե երեքից որն է ավելի վատ պետության համար։ Բայց այս ամենը ոչ մի լավ բան չի խոստանում։
Եթե այս գործընթացը շարունակվի, ապա երկրի համար հետեւանքները խիստ ծանր կլինեն: Վերադարձ իննսունականներ չի կարելի, այն կործանարար կլինի: Ջհանգիրյանական դատախազության փուլը մի կերպ ավարտել էինք, ու հիմա հետդարձի ոչ մի ռեսուրս պետությունը չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը