14 07 2019

Կառավարությունում քննարկել են ՀՀ պետական հետաքրքրությունների ուղղությունները

Կառավարությունում քննարկել են ՀՀ պետական հետաքրքրությունների ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»:

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը զեկուցել են մինչ օրս հիմնադրամի կողմից գործունեության տեսլականի մշակման և ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի հնարավորությունները: 

Խորհրդակցությանը քննարկվել են ֆոնդի գործունեության նպատակներին, գործառույթներին և ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ակտիվների կառավարման մոդելին, ֆոնդի և պետական գերատեսչությունների միջև համագործակցությանը, ներդրողների հետ աշխատանքի սկզբունքներին, ներդրողներին գործարար խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորմանը և այլ հարցերի: 

Աշխատանքի ճիշտ կազմակերպման և արդյունավետության համատեքստում վարչապետ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է համատեղ համակարգված աշխատանքը՝ գործառույթների հստակեցման և կրկնությունների բացառման համար:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը, նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ