7or.am-ը գրում է․ «Բայց ի՜նչ վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով դեպքից դեպք փողոց դուրս եկող «մի բուռ» ցուցարարներից...
Եվ ինչո՞ւ միայն ցուցարարներից` Քոչարյանի վերստին ազատության մեջ հայտնվելու, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ «պրագմատիզմի, ազնվության» մարմնացում քայլարած «սուպերմերիտոկրատ» իշխանության կարկառուններին հակակշիռ, իրական այլընտրանք դառնալու մահացու հեռանկարից։
Այնքա՛ն են վախեցած, որ սթրեսի մեջ են ընկնում` ընկնավորվում են, երբ հավաքվում ու «Քոչարյան-հերոս» են վանկարկում։ Կարմիր բերետավորներին երեք շարքով կանգնեցնում են, պատ են կազմում եւ «դոշ տված»` պաշտպանում երկրիս թիվ մեկ սադրիչ, Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնը ռազմաճակատի վերածած, ամբոխին ոստիկանության զորքերի վրա քսի տվող, բարիկադի մյուս կողմում հայտնված 18-19 տարեկան ջահելների դեմ պատերազմական գործողություններն ուղղորդող, «անհրաժեշտ պահին» դեպքի վայրից թռած Նիկոլ Առաջինին երկրորդ նախագահի մի քանի տասնյակ աջակիցների «հնարավոր» ոտնձգություններից, քաշքշում ցուցարաներին, թեւերը ոլորում ու բերման ենթարկում` չխնայելով անգամ կանանց եւ աղջիկներին։
Ա՛յն Նիկոլի, որ ամբողջ մի ամիս` 2018թ. ապրիլի 9-ից, երեւանով մեկ շուրջօրյա «թավշյա զորավարժություններ» էր անցկացնում` թքած ունենալով օրենքների եւ Սահմանադրության վրա, փակում, կաթվածահար անում փողոցները եւ հրապարակները, խոչընդոտում քաղաքացիների եւ տրանսպորտի, այդ թվում` շտապօգնության մեքենաների ազատ տեղաշարժը, իր խունվեյբիններին բաց թողնում ԲՈՒՀ-երի վրա, ներխուժում ու գրավում ռադիոտունը, դիվադադար անում «հպարտ քաղաքացիներին» դըմփ-դըմփ-հու-ականների հարայ-հրոցներով եւ ավտոմեքենաների շչակների ոռնոցներով` քաղաքը դարձնելով մի մեծ վեցերորդ հիվանդասենյակ՝ բաց երկնքի տակ։
Ոստիկանական ուժերն այն ժամանակ մատը մատին չէին խփում` Նիկոլի «սրտի գեներալ» Օսիպյանի թողտվությամբ անվրդով հետեւում էին «թավշյահեղափոխական» վակխանալիայի` զանգվածային խելահեղության այդ շքահանդեսին։ Ավելին` իրենց անգործությամբ եւ լուռ հավանությամբ խրախուսում, ոգեշնչում էին «թավշիստներին»՝ ամենաթողության նոր դրսեւորումների։
Ճիշտ այնպես, ինչպես խրախուսում են ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին`կուլ տալով նրանց հայհոյանքները, վիրավորանքները, նույնիսկ բռնարարքները, չլսելու տալով «ասֆալտին պառկելու» չեմպիոն Գասպարիի լուտանքներն իրենց` ոստիկանների հասցեին։ Ինչպես աչք են փակում օրը ցերեկով Թատերական հրապարակում օրինավոր մարդկանց վրա հարձակվող եւ քարոզչական ահաբեկչության ենթարկող, ընդհուպ` Արցախի նախագահի հասցեին լկտի սպառնալիքներ հնչեցնող խուլիգանական տարրերի ապօրինությունների վրա։ Եվ հակառակը`առանց աչքը թարթելու պատժիչ գործողություններ են իրականացնում նրա՛նց նկատմամբ, ովքեր համարձակվում են «փաշիստական» Հայաստանի միապետին ասել` աչքիդ վերեւը ունք կա։
Սա այն դեպքում, երբ «Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով քաղաքական գործիչ չեն ճանաչում»։
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կանեին, եթե ճանաչեին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը