7or.am-ը գրում է․ «2018–ի մայիսին Նիկոլ Փաշինյանը նախ ինքնահռչակվեց որպես «ժողովրդի թեկնածու», ապա՝ «ժողովրդի վարչապետ»։Դրա մեջ ճշմարտության մասնաբաժին կար, քանզի փողոց դուրս եկածները նրան էին տեսնում որպես երկրի ղեկավար։ Նրան էին տեսնում, քանզի գտել էին իրենց տեսակով ու նմանությամբ մեկին, որից հսկայական սպասումներ ունեին։
Սպասումներն այդ ռոբինհուդյան էին։ Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։ Փողեր հարուստներից նա, իհարկե, հավաքեց ու հավաքում է, բայց դրանից ամբոխներին հասնում է «բուբլիկի» անցք, իսկ ահա ընտանեկան «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաք»հիմնադրամներին շատ կլորիկ գումարներ են փոխանցվում։ Իսկ թե ինչքան գումարներ է հավաքվում չերևացող տարբերակով, Նիկոլենք կամ Լֆիկենք կիմանան, կամ էլ հետագայում «հերձումը» ցույց կտա։
Շատերը կարծում էին, որ ինչպիսի արագությամբ որ Փաշինյանը, պատկերավոր ասած, բոմժական կյանքից մտավ թագավորական կյանք, նույնպիսի արագությամբ էլ իրենց կյանքն է փոխվելու։
Նիկոլի կյանքը փոխվեց, բայց հրապարակում «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռացողներինը՝ ոչ։ Այդպես էլ պետք է լիներ, քանզի այլ բան չէր էլ սպասվում։ Ժողովրդահաճո առաջնորդը և պոպուլիստական խոսքը դեռ չեն նշանակում կոնկրետ արդյունքներ և առաջընթաց։ Ի դեպ, պոպուլիստը, որպես կանոն, հետընթաց է ապահովում այն զանգվածի համար, որի վրա հենվելով հասել է իշխանության։
Առաջնորդն ու ամբոխը
Հետհեղափոխական շրջանի սկզբնական փուլում երկուսն էլ «տաք» էին։ Ամբոխը դեռ սպասումներ ուներ, իսկ վարչապետ դարձած Նիկոլը իջնում էր կառավարության դիմաց ու հանդիպում բողոքավորներին, ոտքի վրա հանձնարարականներ տալիս, դրական էր գնահատում, որ մարդիկ եկել են ու կառավարության դռանն են հարվածել («Իրենց դուռն է, ինչ ուզեն՝ կանեն»)։ Նա ու իր թիմակիցները ոտքով էին աշխատանքի գալիս, մետրո էին նստում, սելֆի անում ու այլ «կապիկություններով» աչքի ընկնում
Ժամանակն անցավ։ Մարդիկ կամաց–կամաց սկսեցին տեսնել, որ փողոցում արդյունավետ գործող Փաշինյանը նույնքան անարդյունավետ է կաբինետում որոշումներ կայացնելիս ու դրական արդյունքներ ապահովելիս։ Տեսան ու սկսեցին հիասթափվել իրենց երբեմնի կուռքից։
Կամաց–կամաց Փաշինյանն էլ սկսեց «քցել» իր երբեմնի երկրպագուներին ու մտավ պալատական կյանքով ապրելու ռեժիմ՝ շրջագայություններ, սպասարկող անձնակազմ, բյուջեի հաշվին «կայֆեր» և այլն։
Փաշինյանը գիտի, որ «փողոցը» կորցրել է։ Դատարաններն ապօրինաբար շրջափակելու նրա կոչին արձագանքեցին քիչ թվով մարդիկ։ Գլխաքանակ ապահովելու գործին լծվեցին քայլարած պատգամավոներրը, ավագանու անդամները, չինովնիկները։
Փաշինյանին այս պայմաններում մնում է անել այն, ինչն ամբողջությամբ տեղավորվում է հետհեղափոխական տրամաբանության մեջ՝ թվացյալ բաց գործիչ լինելուն զուգահեռ՝ դառնալ շատ ավելի փակ, քան նախորդ իշխանությունը, ինչպես նաև իշխանությունը պահել փողով և ուժով։
Մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Փաշինյանը որոշել է իր թիմակից պաշտոնյաներին ու «նեղ կռուգին» պետբյուջեի հաշվին պարգևատրել, բայց այնպես անել, որ դրանց չափերի մասին հանրության լայն շրջանակները և պետական ապարատի ստորին օղակները չիմանան։
Ինչ մնում է ուժով իշխանությունը պահելուն, ապա դրա համար է նա գնում ճամբարափոխ դատախազ Արթուր Դավթյանի մոտ ու ասում, որ սա նոր Հայաստանին ամբողջությամբ համապատասխանող դատախազություն է, կոչում է շնորհում կամակատար ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին ու գեներալներ դարձնում ուժային բլոկին ներկայացուցիչներին։
Մի խոսքով, իշխանությունը պահելու հարցում Փաշինյանն օրիգինալ չէ։ Ամբոխով իշխանության եկած բոլոր սուբյեկտներն էլ «քցում» են ամբոխին ու հետո այդ ամբոխից փորձում պաշտպանվել վարչական և ուժային լծակներով։
Թալանից խոսող ամբոխավարները, որպես կանոն, պետբյուջեի հաշվին սկսում են սեփական թիմակիցների արտոնյալ շերտ ձևավորել, իսկ վերջում դառնում են այնպիսի թալանչիներ, որ նրանց թալանի համեմատ՝ խամրում են բոլոր նախորդ թալանների մասին իրական ու հեքիաթային պատմությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը