Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար:
Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում:
Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջզգային օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու:
Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում»-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը