04 07 2019

Արայիկ Հարությունյանը դուրս է գալիս ԿԳ ոլորտից. «Մեդիա պաշտպան»

Արայիկ Հարությունյանը  դուրս է գալիս ԿԳ ոլորտից. «Մեդիա պաշտպան»

019թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ 

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 161 հոդված, որոնցից 25-ը եղել է բացասական, 1-ը դրական, 135-ը՝ չեզոք։Նախարար Հարությունյանն իշխանության ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկն է։

Այս տասնօրյակում նախարարի հետ կապված բացասական հոդվածները կրկին գերազանցում են դրականներին։ Հետաքրքիր իրավիճակ է սկսվել ԵՊՀ-ում։ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, հայտնում է, որ կենտրոնը ցանկանում են փակել, և դա կապում է իրեն աշխատանքից ազատելու ցանկության հետ։ Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե քաղաքական խնդիր եք լուծում, եթե Ջորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել համալսարանը»։

Նախարարության աշխատակիցներն էլ, ըստ լրատվականների, բողոքում են նոր կարգից։ Եթե նախկինում բացակայելու համար իրենք կարող էին բանավոր տեղեկացնել իրենց վերադասին, այժմ ստիպված են բացատրագիր գրել։ Բացատրագիր են գրում անգամ աշխատանքից փոքր-ինչ ուշանալու դեպքում։

Երկրորդ նախագահի կողմնակիցներն իրենց հերթին քննադատել են Արայիկ Հարությունյանին Ռոբերտ Քոչարյանի անձի հետ կապված ֆեյսբուքյան գրառումից հետո։

Առճակատում է սկսվում նաև ՀՅԴ-Արայիկ Հարությունյան տանդեմում։ Լրատվականների հետ զրույցում նախարարը հորդորել է դաշնակցականներին՝ իրեն բանավեճի չհրավիրել և հավելել է՝ հակառակ դեպքում դաշնակցական Լևոն Մկրտչյանը (ԿԳ նախկին նախարար) խայտառակ կլինի։

Այս տասնօրյակում Արայիկ Հարությունյանին չեն մեղադրել հովանավորչական գործունեության մեջ։ Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում և փաստացի դուրս է գալիս ԿԳ ոլորտից ու մեկնաբանություններ է կատարում նախկին քաղաքական իշխանությունների հետ կապված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ