Zham.am-ը գրում է․ «Քաղաքականությունը շատ նման է մարդկանց կենցաղային կյանքին: Օրինակ, երբ տան տղամարդը չի կարողանում պատշաճ քանակի աշխատավարձ ստանալ իր ընտանիքը պահելու համար ստիպված վարկի տակ է հայտնվում: Իսկ երբ դա էլ չի փրկում, ստիպված տան կահույքն է սկսում վաճառել, որ ապրուստի միջոցներ հայթայթի: Իսկ երբ դա էլ է ավարտվում, մնում է սեփական երիկամների վաճառքի հույսին: Այսպիսին է այն մարդկանց ճակատագիրը ովքեր չեն կարողանում բավարար աշխատավարձ ստանալ իրենց ընտանիքի գոյատևման համար:
Նույն օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ: Օրինակ, երբ Գորբաչովը հասկացավ, որ միայն խոսքերով ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց կենսամակարդակը հնարավոր չէ փոխել, սկսեց Արևմուտքի հետ սակարկել մեծ գումարների դիմաց զիջումների գնալ Արևելյան Եվրոպայի երկրներին ազատություն տալու հարցում: Արևելյան Գերմանիայի վերամիավորման դիմաց Գորբաչովը Արևմտյան Գերմանիայից ստացավ տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Սակայն դա էլ նրան չփրկեց, քանզի, երբ երկիրը ցածր սոցիալական պատասխանատություն ունեցող կնոջ պես սկսում է փողի դիմաց վաճառքի հանել իր մարմինը, ապա վերջնարդյունքում երկիրը կործանվում է: Այդպես են վարվել բոլոր ճգնաժամի մեջ եղած երկրների անգրագետ ղեկավարները, երբ երկրի համար հավելյալ արժեք չի կարողանում ստեղծել, սկսում է հիմնավորել, որ պետք է զիջել այդ երկրի մի մասը, որպեսզի հնարավոր լինի փրկել երկրի մյուս մասը:
Մեր պատմության մեջ Գորբաչովի օրինակով 1997-ին հանդես եկավ Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ «եթե Սերգոն ուզում է լավ ապրել, ապա պիտի համաձայնվի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում »: Տեր-Պետրոսյանը իհարկե, ի սկզբանե այդպես չէր մտածում: Պարզապես կյանքը թելադրել նրան այդպես մտածել, երբ երկիրը հիմնովին թալանված էր իր իսկ թիմակիցների կողմից, այդ թալանը ջրի երես դուրս չգար 96-ին նա իր թիմակցի շուրթերով հայտարարեց, որ «եթե ժողովուրդը 100 տոկոսով էլ ձայն հավաքի միևնույն է, ես նրան իշխանություն չեմ հանձնի»: Հասկանալի էր, որ այդ պայմաններում, երբ երկրում ոչ փող կար, ոչ էլ իշխանության հանդեպ հավատք Տեր-Պետրոսյանին ոչինչ չէր մնում, քան դառնալ «հայկական Գորբաչով», քանզի այլ ելք չուներ:
Այսօր, երբ խոսում ենք Փաշինյանի Ղարաբաղի հարցի շուրջ դիրքորոշման մասին, սկսում են գուշակել, թե ինչ չափով է նրա դիրքորոշումը մոտ Տեր-Պետրոսյանի պատկերացումներին: Սակայն այստեղ կոպիտ մեթոդական սխալ է թույլ տրվում, քանզի այսօր խոսել դրա մասին վաղ է:
Եթե Փաշինյանին հաջողվի զարգացնել երկիրը, ապա ինչո՞ւ պիտի նա համաձայնվի զիջումների Ղարաբաղի հարցում, իսկ եթե դա նրան չհաջողվի, ապա նա այլ ելք չի ունենա, քան վերհիշել այս հարցում Տեր-Պետրոսյանի հայտնի տեսակետը:
Այսինքն՝ ի սկզբանե ոչ մի ղեկավար չի ուզենա զիջումների գնալ այս հարցում, եթե նա չի դառնում «Գորբաչով»:
Իսկ հիմի փորձենք կանխատեսել, թե կհաջողվի՞ Փաշինյանին զարգացնել երկրի տնտեսությունը, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը:
Նրա բոլոր քայլերը ամբողջության մեջ դիտարկելով կարող ենք եզրակացնել, որ նա կարճ ժամանակահատվածում հայտնվելու է Գորբաչովի վիճակի մեջ: Նույնիսկ այսօրվա տնտեսական ոչ բարենպաստ ցուցանիշների ամբողջ պատկերը չենք կարող ներկայացնել, քանզի Փաշինյանի քայլերի արդյունքում երկրի տնտեսության զարգացումը ոչ թե կանգ է առնելու, այլ գահավիժելու է:
Ցույց տվեք մի երկիր որտեղ այսպիսի բիզնես միջավայրում ներդրումներն ավելանում են: Այդպիսի երկիր չկա: Եթե այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ այս ցուցանիշը մոտ երեք անգամ պակաս է անցյալ տարվա ՀՀԿ-ական իշխանության համեմատ դեռ ծաղիկներ են: Երբ իբր կասկածելի կապիտալի դեմ արշավը միս ու արյուն ստանա, ապա բոլորը ականատես կլինեն, թե ինչպես կգահավիժի երկրի տնտեսությունը, որից հետո Ղարաբաղյան խնդրի տեր-պետրոսյանական լուծման փորձը կդառնա անխուսափելի: Այլ հարց է, որ այդ ժամանակ մարդիկ շոկի մեջ կհայտնվեն և կառաջանա 1998-ի պես ճգնաժամ: Բայց ի տարբերություն 1998-ի հարևան Ադրբեջանը այսօր այլ վիճակում է, և նա անպայման կփորձի ուժով լուծել Ղարաբաղի խնդիրը: Որին պետք է դիմակայենք Փաշինյանի կողմից քայքայած տնտեսությունով: Պարզ է, որ այդ ժամանակ մենք ստիպված կվճարենք շատ ավելի մեծ գին, բայց դրա մեղավորը մենք ենք, որ այսպիսի վիճակի մեջ ենք հասցրել երկիրը մեր իսկ սեփական ձեռքերով:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը