03 07 2019

Աննա Մարգարյանը չի համաձայնի 2-րդ անգամ առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու․ News.am

Աննա Մարգարյանը չի համաձայնի 2-րդ անգամ առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու․ News.am

Եթե երկրորդ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից առաջարկեն ինձ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, չեմ համաձայնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված, բայց չընտրված Աննա Մարգարյանը։

«Եթե 1 անգամ այդ գործընթացով անցնում ենք, երկրորդ անգամ դա արդեն անլուրջ երեւույթ է։ Բնականաբար, դրան չեմ համաձայնվի», - նշել է նա։

Դիտարկմանը, թե նրա չընտրվելը կապեցին Ազգային ժողովի անլրջության հետ, Աննա Մարգարյանը նշել է․  «Ես գնահատական չեմ տա, դա անլրջություն է, թե միտում է։ Ես ունեմ արձանագրված փաստ՝ 66 ձայն կողմ, եւ դա ինձ համար արդեն բավական է իմ վերջնական որոշումը կայացնելու համար»։

Հարցին՝ գուցե իր պատասխանները չբավարարեցի՞ն իշխող ուժի պատգամավորներին, Աննա Մարգարյանն արձագանքել է․ «Ես այնտեղ խնդիր չունեի բավարել-չբավարարելու իրենց ակնկալիքները։ Այստեղ խնդիրն այլ էր, թե ինչպես են պատկերացնում հետագա զարգացումները։ Մեկը կարող է այս տեսակետը կիսել, մյուսները՝ ոչ։ Յուրաքանչյուրն իր ներքին համոզմունքով թող ղեկավարվի։ Եթե պատգամավորը տվել է կողմ կամ դեմ ձայն՝ ղեկավարվելով իր ներքին համոզմունքով, հիմնվելով իմ տված տեսակետների վրա, ես միմիայն կարող եմ հարգել նման պատգամավորին։ Այն դեպքերում, երբ որ պատգամավորը պարզապես ցանկանում է դրսեւորել խմբային պատկանելիություն, անձնական շահեր՝ ստորադասելով հասարակական շահերը պետական քաղաքականության իրականացման ուղիները այդ դեպքում ես չէ, որ պետք է դրա արձագանքը տամ, այլ այն անձինք, ովքեր իրեն ընտրել են»։

Նա իր չընտրվելը կապել է երկու հանգամանքի հետ․ «Առաջինը, որ «Իմ քայլի» ներկայացուցիչների մի մասը գործուղման մեջ էին գտնվում։ Երկրորդը, «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էր, որը պարզապես ներկայացնում էր այն, որ քանի որ մեր թեկնածուն չի անցել, մենք դեմ ենք գնում։ Ճիշտն ասած, դա խմբակցության որոշումն է, իրենց դիրքորոշումն է, որը ես չեմ կիսում, երբ որ մենք խոսում ենք պետական քաղաքականության իրականացման մասին։ Կամ առավոտյան ասում են այս հարցը մի քննարկեք, որովհետեւ մենք ունենք նման անհամաձայնություն կամ ասում էին՝ բոյկոտում ենք, դեմ ենք քվեարկում։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձ, ով որ ստանձնում է պատգամավորի պաշտոնը, ինքը պետք է լինի արհեստավարժ։ Արհեստավարժության մեջ երկրորդ պլան է գնում անձնայինը խմբայինը եւ առաջին պլան է գալիս պետականամետ մտածողությունը։ Պետականամետ չի նշանակում իշխանամետ։ Դա նշանակում է պետության կայացմանը նպաստող»։

Աննա Մարգարյանը, սակայն, շեշտել է, անձինք, ովքեր որ դեմ են քվեարկել, չի կարող ասել, որ պետականամետ չեն։

Նա նաեւ նշել է՝ խոսել են «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ, իրենք տվել են իրենց բացատրությունը․ «Բացատրությունը հիմնականում կապված էր պատգամավորների բացակայության հետ, մասնավորապես գործուղման մեկնածների»։

Դիտարկմանը, որ առավոտյան 105 պատգամավոր էր գրանցվել, սակայն իր թեկնածության քվեարկությանը 85 պատգամավոր է մասնակցել, այս մասով հետաքրքրվել է իշխող ուժի ներկայացուցիչներից, թե ինչու, Աննա Մարգարյանն արձագանքել է․ «Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում, նույնիսկ եթե լինեին 85 հոգի, որոնք որ ռեալ գնահատական էին տալիս, ես պետք է տեսնեի ԱԺ-ն ինչ դիրքորոշում ունի, եւ տեսա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ