Երբ դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց «իր» կայացրած որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու մասին, այդ լուրը ցնծությամբ ընդունեցին հայաստանյան որոշ շրջանակներ: Նրանք ուրախությունից մնում էր փողոցներում պարեին, թռչկոտեին: Լուրը ցնծությամբ ընդունեցին նաեւ Ադրբեջանում:
Այս փաստը առողջ մտածողություն եւ տրամաբանություն ունեցող մարդկանց մոտ առնվազն պետք է լուրջ մտորումներ առաջացնի, որոնք կհանգեցնեն որոշակի եզրահանգումների:
Ադրբեջանում չեն թաքցնում իրենց հիացմունքը եւ դրա պատճառն էլ չկա: Տեղի ունեցավ այն, ինչ իրենք վաղուց էին երազում: Ընդ որում, երազում էին, բայց չէին հավատում: Եւ ահա իրենց երազանքն իրականացնում են ոչ թե իրենք, այլ հայաստանյան իշխանությունները: Ազատությունից զրկված է Ադրբեջանը ծնկի բերող առաջնորդներից մեկը: Ադրբեջանցիների ուրախությունը հասկանալի է:
Ադրբեջանում երջանիկ են ոչ միայն այն փաստից, որ Ռոբերտ Քոչարյանը զրկվել է ազատությունից, այլ վստահ են, որ հայաստանյան երիտասարդ իշխանությունների այս քայլը ավելի կվատթարացնի հայ-ռուսական առանց այն էլ բարդ հարաբերությունները:
«ՀՀ իշխանություններն անում են այն, ինչի մասին մենք միայն երազում էինք»,- գրում են ադրբեջանցի վերլուծաբանները, ասում քաղաքական գործիչները: Երբ հայ-ռուսական հարաբերությունները հասնեն վատթարացման գագաթնակետին Ադրբեջանն արդեն իրեն թույլ կտա ավելի մեծ ակնկալիքներ ունենալ Արցախի խնդրի կարգավորման հարցում:
Լինենք մինչեւ վերջ անկեղծ, Ադրբեջանում չեն թաքցնում, որ ՀՀ իշխանությունների նման գործելաոճը ճանապարհ է բացում հետ բերել ոչ միայն հինգ կամ յոթ շրջանները, այլ նաեւ ամբողջ Արցախը: Ադրբեջանում ոգեւորված են: Նրանք չեն էլ թաքցնում իրենց ոգեւորվածությունը:
Բաքվում համոզված են, որ Փաշինյանը Քոչարյանից ոչ միայն անձնական վրեժ է լուծում, այլ փոխում է, այն էլ կտրուկ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իսկ այդ ճանապարհին թիվ մեկ խոչընդոտը Ռոբերտ Քոչարյանն ու իր համախոհներն են: Ադրբեջանական մամուլը գրում է, որ եթե չլիներ արտաքին քաղաքականության փոփոխման խնդիրը, ապա Քոչարյանը գուցե եւ մնար ազատության մեջ:
Բնականաբար, Ադրբեջանում ոգեւորված են նաեւ այս փաստով: Ի վերջո, արտաքին քաղաքականության փոփոխման դեպքում Երեւանը, մեղմ ասած, կկտրվի Մոսկվայից, որը կանաչ լույս կվառի Ադրբեջանի համար, անել այն, ինչի մասին նրանք վաղուց երազում էին, բայց միայն երազում:
Արտաքին քաղաքականության ուղղության փոփոխման համար Երեւանը գին է վճարելու, եւ այդ լինելու է Արցախի տեսքով, վստահ են Բաքվում եւ ձեռքերը շփելով սպասում են Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլերին:
Ադրբեջանում այնքան են ոգեւորվել եւ կայացած են համարում Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխման փաստը, որ շեշտում են, թե ինչպես Առաջին աշխարհամարտին հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը, այնպես էլ հիմա դավաճանում են իրենց դաշնակից Ռուսաստանին:
Իհարկե, Ադրբեջանում չեն հասկանում, թե որն է Փաշինյանի նման գործողությունների պատճառը, ինչի հետեւանքով Հայաստանը միայն տուժելու է, բայց չեն թաքցնում իրենց ոգեւորությունը տեղի ունեցող իրադարձություններից: «Ինչպես օգնենք Փաշինյանին շարունակել իր գործը»,- հիմա հավանաբար մտածում են Ադրբեջանում, եւ դա շատ լավ երեւում է հրապարակվող հոդվածներում:
Այսքանից հետո մնում է միայն ակնկալել, որ բանականությունը մեզ վերջնականապես չի լքել, եւ դեռ հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը, այլապես կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ, իսկ գուցե այդ տաշտակն էլ արդեն չենք ունենա:
Հակոբ Ասատրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը