Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը