ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն առաջարկում է փոփոխություն մտցնել «Ազգային պաշտպանության մասին» օրենքում, ինչը հնարավորություն կտա արգելափակել ամերիկյան զենքի վաճառքն Ադրբեջանին և կկանխի այդ զենքով քաղաքացիական օդանավերի ուղղությամբ հավանական հարվածը, հայտնում է armenianweekly.com-ը:
Կոնգրեսականը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բաքվի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքների ֆոնին. «Այս փոփոխությունն Ադրբեջանին հզոր «մեսիջ» կհղի առ այն, որ այդ երկիրը չի կարող սպառնալ քաղաքացիական ինքնաթիռ կործանել: Ադրբեջանին չպետք է թույլ տրվի վախեցնել իր հարևաններին: Ադրբեջանին իր օդային պաշտպանությունն ուժեղացնելու հարցում օգնելն այն վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,-ասել է կոնգրեսականը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ իր աջակցությունն է հայտնել Շերմանին՝ ընդգծելով, որ ամերիկացի հարկատուների հաշվին ստեղծված զենքերը երբևիցե չպետք է մատակարարվեն մի երկրի, որը սպառնում է անմեղ ուղևորների սպանել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը