25 06 2019

Այս իշխանությունից սպասում ենք ցանկացած ապօրինություն.Վիկտոր Սողոմոնյան․Sputnik

Այս իշխանությունից սպասում ենք ցանկացած ապօրինություն.Վիկտոր Սողոմոնյան․Sputnik

Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես է բնութագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ի սկզբանե, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քաղաքականության մեծ բաղադրիչն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացվի քաղաքական կյանքից և հնարավորություն չունենա դրան անձամբ մասնակցելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք սին հույսեր են: Այնպես որ, ամեն ինչ առջևում է»,-հայտարարել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` կրկին խափան միջոց կալանքն ընտրելը` Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրել է, որ պաշտպանական խումբը բոյկոտել էր դատարանի նիստը և չէր մասնակցում որոշման հրապարակմանը: «Ինչպես հայտարարեց մեր փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, այս դատավորն ու արդարադատությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Պարզ էր, որ նման վարկ ունեցող դատավորը, ում այս գործը բաժին էր հասել շատ կասկածելի ճանապարհով, և որին չէր վստահում դատավարության որևէ կողմ, կարող էր նման ապօրինի որոշում կայացնել»,–ասել է Սողոմոնյանը:

Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծել է, թե շատ ցավալի է, որ այս դատավորը, ինչպես ինքն է ենթադրում՝ ոչ միայնակ, որոշում է կայացրել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների միջնորդությունը, անձնական երաշխավորությունը Հայաստանում ոչինչ չարժեն:

«Կարծում եմ, այդ քայլը բացարձակ արտահայտում է այն վարվելակերպը, որը կա Հայաստանի իշխանությունների մոտ Արցախի Հանրապետության հանդեպ»,-նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա կարծիքով` «Մարտի 1-ի» գործի հետ կապված սահմանադրական կարգի տապալման այսպես կոչված այս «նոր դրվագը» ամբողջությամբ քաղաքական է: «Սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ  նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է նախկին նախագահի, նաև որոշ զինվորականների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ»,– ընդգծել է Սողոմոնյանը։

Գործակալությունը հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս ընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը. Վիկտոր Սողոմոնյանը, ավելի լայն կոնտեքստով անդրադառնալով հարցին, նշեց. «Այս իշխանություններից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն, և դրանցից մեկն էլ սա էր: Եթե ասեմ՝ առանձնապես զարմացել ենք, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել, սուտ կլինի, որովհետև արդեն շուրջ 11 ամիս է, ինչ ապօրինի գործողությունների շարք է իրականացվում նախագահ Քոչարյանի հանդեպ: Այնպես որ, սա հերթական ապօրինությունն է և զարմանալու կարիք չկա»:

Հիշեցնենք,  որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ