20 06 2019

Փորձ է արվում ամենաանհեթեթ ձևով ձևախեղել Սահմանադրությունը․ Դավիթ Հարությունյան

Փորձ է արվում ամենաանհեթեթ ձևով ձևախեղել Սահմանադրությունը․ Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում մեկնաբանել է Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությունը։

«Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ մեկը համարեր հիմք, ապա դա նշանակում է, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան։ Մեկը, որտեղ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել, և մեկ այլ ՍԴ, որտեղ ՍԴ դատավորներն են պաշտոնավարում։ Պարզ է, որ դա անհեթեթություն է։ Ավելին, երբևէ նման մեկնաբանություն չի էլ եղել անցած ողջ ժամանակահատվածում, հակառակ պարագայում արդեն վաղուց պետք է նշանակվեին ՍԴ դատավորները։ Հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված, փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը, ընդ որում՝ ամենաանհեթեթ ձևով, և ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ ստացվում է հասարակագիտական նոր երևույթ, երբ անհեթեթ մտքերը դառնում են հանրային քննարկման լուրջ առարկա»,- նշել է Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱԺ-ում Վահե Գրիգորյանը բացի երդում կարդալը, նաև ելույթ ունեցավ և իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ