07 10 2024

Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան

ԲԴԽ-ն խուսափում է արձանագրել, որ նիստը դռնփակ է, մինչդեռ, ընթացակարգերի վերաբերյալ չկա որևէ հստակություն, հնարավոր չէ կանխորոշել, թե ինչ ընթացակարգեր են կիրառվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Հարությունյանը։

«Այսինքն՝ ասում են համեցեք մեր տուն, բայց դուռը փակ է։ Այս պայմաններում ԲԴԽ-ն լինելով Սահմանադրությամբ նախատեսված դատական իշխանության անկախության երաշխավորը, ըստ ՍԴ-ի՝ թույլ են տվել խախտումներ։ Այսինքն՝ խախտել են անձի սահամանդրական հիմնարար իրավունքները։ Եթե իրենք կարծում են, որ նման իրավիճակում դատավորի լիազորությունը ենթակա է դադարեցման, ապա արդյո՞ք չեն գտնում, որ իրենք իրենց խախտումների դեպքում պետք է առնվազն բացարկ հայտնեն»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով Գրիգոր Մինասյանի հեռանալուն՝ Հարությունյանն ասաց․ «Տեսեք, Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, ավել բան չեմ ուզում ասել, դրանից  հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը, խնդիրը հետևյալն է` այս ամբողջ տեղի ունեցածի հաշիվն ո՞վ է փակելու, ո՞վ է պատասխանը տալու»։

Հիշեցնենք` դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։

Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր Արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասով։

Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։

Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով դադարեցվել են։ Իրավունքները վերականգնելու համար դատավորը դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ