7or.am-ը գրում է․ «Քաղաքական շանտաժի կամ առևտրի արդյունքում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու դարձած և, ամենայն հավանականությամբ, ստվերային գործիքակազմի կիրառման օգնությամբ ԱԺ–ում 99 «կողմ» ձայն ստացած Վահե Գրիգորյանն այսօր ինքնահռչակվել է որպես ՍԴ նախագահ։ ԱԺ–ում այս իշխանազավթումը հավանության են արժանացրել, ինչը խմբակային է դարձնում ապօրինությունը։
Սա այն մարդն է, որը Լևոն Տեր–Պետրոսյանի համար տարիներ շարունակ քաղաքական փաստաբանություն է արել և, ըստ էության, զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե իրավաբանությամբ կամ փաստաբանությամբ։
ՍԴ նախագահ ինքնահռչակվելով՝ Վահե Գրիգորյանը յուրօրինակ ձևով նիկոլություն է անում, այսինքն՝ ինքն իրեն կարգում է որպես «Ժողովրդի ՍԴ նախագահ», ինչը Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարում է։
Եթե Փաշինյանը հայտարարում էր, որ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ոչ մեկը, ապա Վահե Գրիգորյանն էլ, փաստացի, հայտարարում է, որ կա՛մ ինքն է ՍԴ նախագահ, կա՛մ ոչ մեկը։ Բայց եթե հեղափոխության բուռն շրջանում Նիկոլի իշխանազավթումն ուներ «փողոցի»աջակցությունը, ապա այժմ այդ «փողոցը» չկա, բայց կան իշխանական լծակ և իշխանական «բեսպրեդել»։
Դատարանների շրջափակման փաշինյանական կոչը չարժանացավ հանրության՝ անգամ փոքր շրջանակների աջակցությանը և տապալվեց։ Այդ պահից սկսած՝ արդեն որոշում կայացվեց դիմել ստվերային գործիքակազմերի, այդ թվում՝ շանտաժի, իշխանական լծակների կիրառման ու առևտրի։
Փաշինյանը փաստացի ֆաշիստական մեթոդոլոգիայով է զավթում իշխանությունը։ Սկզբում նա Հիտլերի պես դարձավ վարչապետ՝ չլինելով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը։ Ապա սեփականաշնորհեց խորհրդարանը։ Եվ հիմա հարձակվել է դատական իշխանության վրա ճիշտ այնպես, ինչպես Հիտլերը, ով թիրախ դարձրեց վեյմարյան դատարանները և ստեղծեց նացիստական «Ժողովրդական դատարանների պալատ»։ Պալատի ֆունկցիան Հիտլերի ձեռքում պատժիչ ու դակիչ դերակատարում իրականացնելն էր։
Փաշինյանական ֆաշիզմն առանց գաղափարախոսության է։ Եթե Հիտլերը ներքին ու արտաքին թշնամիների կերպար էր հրամցնում իր կարծիքով հանուն մեծ Գերմանիայի, ապա փաշինյանական ֆաշիզմը զուտ աթոռապաշտական ֆունկցիա է կատարում ու ձեռքի հետ էլ սպասարկում արտաքին ուժերի շահերը։ Քայլարածների համար թշնամու կերպար են իրենց քաղաքական ընդդիմախոսները, ղարաբաղցիները, որոնց մեջ «դավադիրներ» են փնտրում, և ռուսները, որոնց վրա է Փաշինյանն ուզում բարդել սեփական ձախողումները Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Վերադառնալով ՍԴ–ի թեմային՝ նկատենք, որ Հայաստանում նիկոլական ֆաշիզմ թույլ չտալու մեջ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և անհատները պետք է հրապարակավ արտահայտվեն։ Այստեղ արդեն խնդիրն այն չէ, թե որքանով են լավը կամ վատը ՍԴ գործող դատավորները, և ով ինչ կարծիք ունի ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի մասին։ Խնդիրը Հայաստանում իշխանության ուզուրպացիա թույլ չտալուն և մեր երկրի անվտանգությանն է վերաբերում։
Բռնապետությունը լինում է այն դեպքում, երբ մեկ մարդու կրնկի տակ է հայտնվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։ Հիմա մենք այդ ամենի ականատեսն ենք դառնում, և լռելը հավասարազոր է լինելու հանցակից լինելուն։
Ի դեպ, ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն նույնպես պետք է արձագանքեն ՍԴ նախագահ ինքնահռչակվելու Վահե Գրիգորյանի հայտարարությանը, այլապես իրենք էլ են պատասխանատու և մասնակից դառնում մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման գործընթացին, քանզի «ազատ» քվեարկության միջոցով մասնակցել են Վահե Գրիգորյանի նշանակմանը։
Լռելը հետագայում որևէ մեկին չի ազատելու պատասխանատվությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը