ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, նշեց, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել:
Վարչապետը նշեց, որ ինքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար լավատեսական տրամադրություն չի հաղորդել։
«Միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, եւ այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողական, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաեւ ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,– նշեց նա։
Հարցին, թե դիվանագիտական ճակատում արվո՞ւմ է հնարավորինը, Փաշինյանը պատասխանեց,
«Ղարաբաղի հարցն այնպիսի հարց է, որ պետք է դիտարկել լայն կոնտեքստում, որովհետեւ իրեն առանձին դիտարկելը եւ փոքր մասշտաբով նայելը միշտ կբերի սխալ հետեւությունների: ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»,- պատասխանեց վարչապետը։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե փուլում են բանակցությունները գտնվում, վարչապետը պատասխանեց․ «Բանակցությունների ընթացքում բոլոր խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն»՝ հիշեցնելով, որ հունիսի 20-ին սպասվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը Վաշինգտոնում։
Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման, վարչապետի խոսքով, քննարկվում է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։
«Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին ԱԽ-ների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում, չի կարող բանակցային մի որևէ խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է»,-նշեց նա։
«Գիտեք՝ Ադրբեջանն ինչ մեկնաբանություն տալիս է, դա իր մեկնաբանությունն է, մենք ունենք մեր մեկնաբանությունը, որ ՀՀ-ն, ԱՀ-ն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն, իրենց շահերը, ինչպես դիվանագիտակա,ն այնպես էլ անհրաժեշտության դեպքում առաջնագծում, և այս ընթացքում ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել»,-հավելեց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը