14 06 2019

Մարդկանց մոլորեցրել են՝ օգտագործելով նրանց վիշտը․ Լևոն Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ տան խուզարկության արդյունքում բռնագանձված գումարն իրեն է պատկանում։

Պատասխանելով դատավորի անաչառության վերաբերյալ հարցին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ պաշտպանները մտավախություն ունեն, թե ինչպես ենդատախազության երկու բողոքները միասին գործի ընդունվել նույն դատավորի մոտ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է զգում, երբ տուժողի իրավահաջորդը դիմում է իրենց ընտանիքին, Լևոն Քոչարյանը նշեց․ «Իհարկե, շատ վատ եմ գզում. որ դա իրականությունը չէ, կարծեմ առիթ ունեցել եմ ասելու, որ համարում եմ՝ որ մարդկանց մոլորեցրել են։ Դա կոնկրետ նպատակ է հետապնդել այն շրջանակների կողմից, ովքեր մոլորեցրել են այդ մարդկանց և դա արել են՝ օգտագործելով մարդկանց վիշտը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մարտի մեկի գործը չի բացահայտվել, և թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը մարտի մեկից հետո 40 օր նախագահ եղած ժամանակահատվածում գործը բացահայտելու ուղղությամբ, Լևոն Քոչարյանը նշեց․ «Խանութներից բան են գողանում, կարող է ամիսներով չկարողանան բացահայտել, 40 օրում՝ մինչև ապրիլի 9-ը, Ձեր կարծիքով, պետք է բացահայտվե՞ր գործը այդ վիճակում՝ հազարավոր մարդկանց մեջ»։

Լևոն Քոչարյանն ընդգծեց, որ զոհերի հարազատներից հետո առաջին շահագրգռված մարդիկ իրենք են, որ սպանությունները բացահայտվեն։ «Շատ ցավալի է, որ ինչ-որ շրջանակներ այդ ամեն ինչը փորձում են մեզ հետ կապել, մեղադրանքներ են հնչեցնում՝ ընդհանրապես գործի հետ կապ չունեցող։ Շատ վատ է, երբ մի բան օդից կախված է մնում, մարդկանց մոտ կասկածը չի փարատվում, մյուս կողմից շարունակում են ենթադրություններ անել։ Եթե գործն առաջ է գնում, ես միայն ուրախ եմ։

Իրենք որոշել են, որ մենք ենք մեղավորները, այս տարիների ընթացքում միշտ հուզական ֆոնի վրա են ազդել։ Տարիներ շարունակ դատավարություն էին պահանջում, հիմա դատավարություն է գնում, ի՞նչ են ուզում, ուզում են իրե՞նք այստեղ որոշեն վճիռը»,- հավելեց նա։

Պատասխանելով գործի հետ կապված գումարներ ներդրելու մասին շշուկներին՝ Լևոն Քոչարյանը նկատեց՝ ցավալի կլինի, եթե ինչ-որ մեկը դատարանի դիմաց ակցիաներին մասնակցի գումարի դիմաց, եթե փաստեր կան, խնդրեց հրապարակել։ «Ներկայացրեք փաստեր, ինքս միջոցներ կձեռնարկեմ, որ դա չլինի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ունի ընկերներ, ովքեր իրենց աջակցում են ցուցաբերում դատարանի առջև։

Լևոն Քոչարյանը վերահաստատեց, որ դեմ չէ հանդիպել մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։

Անդրադառնալով իրենց ունեցվածքի մասին եղած խոսակցություններին, ևս մեկ անգամ պնդեց, որ հարստացել են արդար ճանապարհով․ «Եթե խնդիր են տեսնում մարդիկ թող բողոք ներկայացնեն։ Ես պնդում եմ, որ ոչ մի անօրինական ճանապարհով՝ պետություն վերցրած կամ ուրիշ միջոցներով, ունեցվածք չի ձևավորվել։ Մարդկանց կարծիքը հարյուրավոր անգամներ իրականությունից կտրված է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ