14 06 2019

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա ԱՄՆ-ում

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ում։

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։

Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ