13 06 2019

Արցախի հարցի վերջնական լուծողը ժողովուրդն է, ուզենք թե չուզենք․ Նիկոլ Փաշինյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Արցախի իշխանությունների հետ ունեցած հակասությունների թեմային, «դավադիր ուժերին և դավաճաններին», դատական համակարգը վեթինգի ենթարկելու, Արտակ Զեյնալյանի հրաժարականի, Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին և այլ հարցերի։

Մեկնաբանելով Զեյնալյանի հրաժարականը՝ վարչապետը նշել է․«Խնդիրները և  միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»։

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու:

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա…այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,-ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ