ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հունիսի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՌԴ և ՀՀ ղեկավարների վերջին հանդիպմանը, նշել է, որ այն կառուցողական է անցել, քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր:
«Իմ ընկալումն այնպիսին է, որ այս շփումը մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական բարձր երկխոսություն կառուցելու ևս մեկ քար էր», - ասաց նա:
Անդրադառնալով Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան տալու հարցին` Կոպիրկինը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դրա հետ կապված պաշտոնական տեղեկություն չի ստացել:
Դեսպանը նշեց, որ գազի հարցով բանակցությունները շատ բաղադրիչներ են պարունակում, այդ թվում՝ սակագների վերլուծությունը, գազի գները, ներդրումային ներուժը: «Սրա հետ կապված «Գազպրոմ Արմենիայի» կողմից լուրջ ներդրումներ են սպասվում: Բանակցությունները վարվում են ընկերությունների, ինչպես նաեւ 2 երկրների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պետք է սպասել վերջնական արդյունքներին»,- ասաց Կոպիրկինը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ դեսպանը նշեց, որ հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով և Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենալով, մեծ դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել:
«Ռուսաստանը հանդես է գալիս սրացում չլինելու օգտին, ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցությունների կարգավորմանը:Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից չէ կախված», - նշեց դեսպանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է այնպիսի իրավիճակների ստեղծմանը, որոնք լարման ուղով գնալու ցանկություն կառաջացնեն:
Հայ-ռուսական տնտեսական կապերին անդրադառնալով՝ դեսպանը նշեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը:
«2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով մոտ 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ կայուն իրավիճակը», - նշեց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ նաև ՀՀ-ի համար գլխավոր ներդրողը: Մասնավորապես` 2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար: ՀՀ-ում գործում է ավելի քան 40 խոշոր ընկերություն՝ ռուսական 100 տոկոս կամ մասնակի կապիտալով:
Իսկ իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեմպին անդրադառնալով՝ դեսպանը նշեց, որ կապերը զարգանում են կայուն կերպով և շարունակում են կրել ստրատեգիական բնույթ, ադապտացվում են նոր պայմաններին և պահանջներին։ Դեսպանը կարևորել է բարձրագույն մակարդակով հանդիպումները։
Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանը պատվով է առաջ տանում ԵԱՏՄ-ում իր նախագահությունը։ «Կա որոշում առաջիկայում Երևանում անցկացնել ԵԱՏՄ ղեկավարների նիստը: Հոկտեմբերի 1-ին սպասվում է նաև Ռուսաստանի նախագահի այցը Երևան՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,- նշեց նա:
Կոպիրկինը նաև նշեց, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց կարծում են, որ հայ ժողովուրդն իմաստուն է և կարող է լուծել իր խնդիրները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը