Քաղաքագետ Ավետիք Չալաբյանը գրում է․
«Աբովյան քաղաքում կայացած ընտրությունները մի քանի կարևոր ուղերձ են պարունակում։
ա) ամենադրականը՝ մարդիկ ունեն ընտրություն, և կարող են համեմատաբար ազատ ընտրել, դա մեծ նվաճում է։ Եթե բոլորս լավ աշխատենք, ժամանակի ընթացքում, կկարողանան ընտրել նաև ավելի լավ տարբերակներից։
բ) անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է ընդամենը 6 ամիս, և իշխանության ռեյտինգը նվազել է 70%-ից 44% (թեև դեռ առանձին վերցված քաղաքում)։ Սա ևս դրական նորություն է, ոչ մի նորմալ երկրում իշխող ուժը 70% ձայն չունի, իսկ խորհրդարանական երկրների ճնշող մեծամասնությունում 50% էլ չունի, և կառավարում է կոալիցիաների միջոցով։ Եթե Երևանում ստացած 80% Փաշինյանի համար առիթ էր նախորդ Ազգային ժողովը ցրելու, ապա Աբովյանում ստացած 44% առաջին զգուշացումն էր արդեն այս Ազգային ժողովին։
գ) մոլեռանդների այն պնդումը, որ իրենք ամբողջ ժողովուրդն են ներկայացնում, ևս հօդս ցնդեց։ Աբովյանի 44 հազար ընտրողներից ընդամենը 8 հազարն են քվեարկել իշխանության օգտին։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ընտրողների զգալի մասը երկրում չի, որև կերպ այլևս չի կարելի պնդել, որ ամբողջ ժողովուրդը իրենց մեջքին է՝ ժողովուրդը աստիճանաբար հետ է գալիս հետ-հեղափոխական խումարից, և ավելի իրատեսական է սկսում նայել իրականությանը, այսուհետև միայն "դուխով" քայլելը բավարար չի լինելու ժողովրդի սիրտը շահելու համար, պետք է իրական գործ անել ու ցույց տալ՝ և դա ևս դրական նորություն է, դրանից ժողովուրդն է շահելու։
Այսքանով բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում՝ արդեն ամառ է, ծիրանն է հասնում, բոլորս էլ մի քիչ հանգստի ու դրական էներգիայի կարիք ունենք, ուստի քաղաքականությունից կարող ենք մի փոքր դադար վերցնել, ու վայելել հայկական ամռան առատ բաիքները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը