Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: Սա հրաշալի հարթակ է՝ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու, մտքերով փոխանակվելու ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ, խոսելու քաղաքական բնույթ ունեցող մի շարք հարցերի մասին. իմ կարծիքով այսպիսի օգտակար և լուրջ միջոցառում ունենք: Անհարժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի: Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ Սանկտ Պետերբուրգում: Վերջերս մենք հանդիպեցինք Նուր-Սուլթանում: Առաջին անգամ հանդիպել ենք 1 տարի առաջ, այս մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք, փաստացիորեն խոսել մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի մասին: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները համաչափ են զարգանում: Մեր երկրների միջև, ինչպես Դուք նշեցիք, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն:
Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է:
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական օրակարգային հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը:
***
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում, և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին հունիսի 6-ին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»,- ասաց Կարապետյանը։
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշեց մամուլի խոսնակը։
Կարապետյանի խոսքով՝ հանդիպումն անցել է շատ բարեկամական մթնոլորտում։ «Մթնոլորտը շատ բարեկամական էր, կողմերը տրամադրված էին լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որտեղ կա հետաքրքրություն։ Եվ հանձնարարականներ տրվեցին նաև թե միջկառավարական հանձնաժողովին՝ շարունակելու աշխատանքները, թե հատուկ խմբեր ձևավորելու՝ նաև այլ հարցերի շուրջ, որտեղ կա կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու անհրաժեշտություն»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը