Politik.am-ը գրում է․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը օրերս հայտարարեց, որ պատրաստվում է նոր նախագիծ դնել շրջանառության մեջ, որով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին կարգելվի դառնալ պատգամավոր:
Պատգամավորն ասել է, որ հիմա գործընկերների հետ աշխատում է նախագծի վրա, որոշ փոփոխություններ է արել: Առանցքում լինելու է հոգեկան խնդիրներ ունենալու սահմանափակումը, բայց նաեւ ավելացվել է, որ պարտադիր բարձրագույն կրթություն ունենալն է անհրաժեշտ՝ պատգամավորի համար. «Եթե կա մարդ, ով դրա հետ համաձայն չի, ես կուզեմ հիմնավորումները լսել»:
Պատգամավորն, իհարկե, լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Պատգամավորները պետության և քաղաքացիների համար կարևորություն ներկայացնող որոշումներ են կայացնում, և բնական է, որ հասարակությունը պետք է ցանկանա իմանալ՝ նրանք սթա՞փ են, թե՞ հոգեկան խնդիրներ ունեն ու կարող են վտանգավոր որոշումներ կայացնել։
Պատգամավորի նախաձեռնությունը, սակայն, ամբողջական չէ, քանի որ դրանում չի ներառվել, կարծես, կառավարության անդամների հոգեկան առողջության հարցը։ Ի վերջո, կառավարության անդամները ևս կայացնում են կարևորագույն որոշումներ։
Կառավարության մասով մտահոգությունները հատկապես կարևորվում են այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքը շատերի մոտ հարցերի տեղիք է տալիս։ Եվ պատահական չէ, որ ավելի քան 3000 քաղաքացիներ միացել են change.org կայքում ստեղծված ստորագրահավաքին, որով պահանջում են Փաշինյանին` հոգեկան առողջության թեսթ անցնել։
Այս օրերի ընթացքում մենք բազմաթիվ անգամներ փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք պատրաստվում է նախագծում ավելացնել նաև կառավարության մասը և ինչպե՞ս է վերաբերվում 3000-ից ավել քաղաքացիների պահանջին։ Պատգամավորը այդպես էլ մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը