03 06 2019

ՍԴ դատավորի թեկնածուն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով․ Hayeli.am

ՍԴ դատավորի թեկնածուն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում։

Ո՞վ է ՍԴ անդամի փաստաբան թեկնածու Վահե Գրիգորյանը: Նա, այսպես ասած՝ հայտնի է մի շարք աղմկահարույց իրավական գործերում։Ժամանակին Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։ Նա համապետական ընտրություններից հետո հանդես եկավ ՍԴ-ում՝ 2008 թվականին՝ որպես ընտրություններում նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, 2003-ին՝ նախագահի պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ պարտված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ։

Իսկ ավելի վաղ՝ Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի՝ Բյուզանդի 9,11 և 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով։ Սակայն 2005թ․ հոկտեմբերի 7-ին կալանավորվեց՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: 2006թ․ փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մեկ այլ ուշագրավ պատմություն էր՝ Հայաստանի սահմանամերձ գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ կատարվածը, երբ սխալմամբ նա հայտնվելով Ադրբեջանի տարածքում, 2014թ․ օգոստոսի 7-ին գերեվարվել էր։ Նրան տեսախցիկների առաջ նվաստացրել էին, ապա հայտարարվեց «սրտանոթային անբավարարությունից հանկարծամահ» լինելու մասին։ Գործը հանձնվեց Եվրադատարան՝ ՄԻԵԴ միջամտության և Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Վահե Գրիգորյանն ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի մեջ էր։

2018թ․ օգոստոսին, սակայն մամուլը գրեց, որ՝ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը: Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել էր քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Բայց ի՞նչ էր պարզվել... 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չէր ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ էր հասցեագրվել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով Հայաստանը կորցրել էր կարևոր աղմկահարույց գործ Եվրոպական դատարանում։

Առավել ուշագրավ էր 2005-ը, երբ Վահե Գրիգորյանը մեղադրվեց խարդախության, փաստաթղթերի կեղծման մեջ: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Վ.Գրիգորյանը Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքների փաստաբանն էր: Նա պաշտպանում էր Բուզանդի փողոցից վտարված բնակիչների շահերը և կալանավորվել էր խարդախության մեղադրանքով: 2006թ. փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, և 4 ամսվա ազատազրկումից հետո Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց: Վ.Գրիգորյանը կալանավորվել էր 2005թ. հոկտեմբերի 7-ին: Դե իսկ վերջերս, Վահե Գրիգորյանի անունը բավական բուռն շրջանառվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման փաստի հրապարակումից հետո։ Սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցում, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենն անհրաժեշտ էին համարել կալանավորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չկալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, քանի որ նա ՀԱՊԿ-ի պաշտոնյա է։ Այնինչ, ՀՔԾ պետն այն կարծիքին էր, որ պետք է նրան էլ կալանավորել, իսկ այդ գործընթացը սահուն անցկացնելու համար ՀՔԾ տնօրենն ասել էր, որ կդիմեն փաստաբան Վահե Գրիգորյանի օգնությանը՝ կգրի, կխոսա՝ որպես իրավաբան, փաստաբան, փորձագետ:Օրեր անց հրավիրված մամլո ասուլում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց․ «Վահե Գրիգորյանի և իմ տեսակետները շատ հարցերում համընկնում են ․․․

Համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, և այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, բայց գործից դուրս ես նրան ճանաչում եմ որպես իրավաբան և շատ հարգում եմ, և մեր տեսակետներն էլ այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»:

Այնուհետև հայտարարություն տարածեց Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում նշելով, որ մարտի 1-ի քրեական գործում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ներկայացուցիչն է նաև ՄԻԵԴ-ում. «Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԾ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար․․․ Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների»:

Այսպես էր Վահե Գրիգորյանը արդարացնում իր՝ ՀՔԾ պետից հրահանգներ ստանալը:Ահա, ողջ ճշմարտությունը Վահե Գրիգորյանը «փառապանծ» կենսագրության մասին: Այսպիսին է ՍԴ մուտք գործելու հավակնություն ունեցող փաստաբանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա «առաջխաղացմանը» նպաստող ներկայիս իշխանությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ