ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշում է ծննդյան տարեդարձը։ Վարչապետի 44-ամյակը շնորհավորել են ՀՀ և Արցախի, ՌԴ նախագահները, Ռուսաստանի վարչապետը, Ամենայն Հայոց կաթողիկոսը և այլք։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին:Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:
Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձում նշվում է․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններր Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը