ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը՝ հիշեցնելով իրենց տեսակետը՝ օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին 2-րդ անգամ ներկայացնել։
«Նախագահը 2 -րդ անգամ ներկայացրեց միևնույն թեկնածուին, և սա մեր կարծիքով՝ օրենքի խախտում էր։ Սա հուշում է, որ քաղաքական իշխանությունը փորձ էր կատարում նույնիսկ օրենսդրական փոփոխության միջոցով այդ նոր բառը հանել օրենքի միջից, բայց մենք կարողացանք հաջողությամբ տապալել այդ փորձը»,- նշեց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ նախագահի հայտարարությունից պարզ է դարձել, որ ճնշում է եղել նախագահի ինստիտուտի նկատմամբ․ «Նախագահի հայտարարությունում կարմիր գծի պես գնում էր այն միտքը, որ, դե ուզում եք այդ թեկնածուին, այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ։ Սա ուղղակի ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ։ Բայց կարծում եմ՝ նախագահն էլ չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ թեկնածու չպետք է ներկայացներ»,- շարունակեց Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի կողմից երեք անգամ պրոֆեսիոնալ թեկնածուներին մերժելը ցուցիչ է, որ քաղաքական մեծամասնությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնը ցանկանում է, որ զբաղեցնի բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման հետ համաձայն մարդ։ Դա ևս օրենքի խախտում է, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ապաքաղաքական անձ լինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը