Կար ժամանակ, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով մասնակցում էր խորհրդարանի նիստերին։ Դա այն ժամանակ էր, երբ նոր էր մեծ մասը փողոցից մտել խորհրդարան, դեռ չգիտեին՝ ԱԺ-ն ինչ է, ինչ են այնտեղ անում, մի խոսքով՝ հետաքրքիր էր, ու մասնակցում էին նիստերին։ Անցավ ընդամենը մի քանի ամիս, ու մարդիկ հասկացան՝ իսկ ինչո՞ւ ժամանակը սպառել խորհրդարանի դահլիճում ինչ-որ օրինագծերի շուրջ քննարկումներ ու ելույթներ լսելով, եթե ոչ օրենք ենք հեղինակում, ոչ էլ կարծիքը հարցնող կա։
Ու սկսեցին նիստերին չմասնակցել։
Ազգային ժողովի՝ 2019-ի մայիսի 29-ի նիստում նախ օրակարգը չհաստատվեց, քանի որ քվորում չկար։ Իշխող ուժն ունի 88 պատգամավոր, որից ընդամենը 67-ի ներկայությունը բավական է քննարկումները սկսելու համար, բայց այդքանն էլ չէին եկել Ազգային ժողովի նիստին։
Այսօրվա իշխանությունը վատ է զգում, որ իրեն համեմատում ես նախկին իշխանության հետ, բայց սա հերթական դեպքն է, որ նախորդ իշխանության վատ օրինակները համեմատության մեջ շահող են դուրս գալիս։ Նախորդ խորհրդարանը բաղկացած էր գործարարներից, մականունավորներից, բայց նիստերին քվորում չէր լինում միայն այն ժամանակ, երբ դա հատուկ դիրքորոշում էր կամ նախընտրական շրջան։
Այժմ ոչ հատուկ դիրքորոշում կա, ոչ նախընտրական շրջան է, ասում են՝ ոչ գործարար են, ոչ մականունավոր, ոչ էլ կոռուպցիոներ․ այդ դեպքում ուրիշ ի՞նչ կարևոր աշխատանքով են զբաղված իշխանական խմբակցության պատգամավորները, որ չեն ներկայանում նիստերին։ Ընդ որում, նրանց գլխավոր աշխատանքը պատգամավոր լինելն է, և օրենքում հստակ գրված է․ «Պատգամավորը պարտավոր է ներկա գտնվել Ազգային ժողովի, ինչպես նաև այն հանձնաժողովի նիստերին, որի անդամն է»:
Խորհրդարանի օրակարգի հաստատումը երկրորդ փորձից հաստատվեց, քանի որ ընդմիջումից հետո բերման էին ենթարկվել աթոռների «սեփականատերերը»։ Բայց մի զավեշտ էլ տեղի ունեցավ երեկոյան․ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դահլիճում ներկա էին շատ քիչ թվով պատգամավորներ։ Անգամ կային երեսփոխաններ, որ հերթագրվել էին հարցի համար, բայց չէին մնացել հարց տալու։
Պատճառը գուցե այն էր, որ նիստին վարչապետը ներկա չէր։ Իսկ առանց վարչապետի, հավանաբար, իրենց ներկայությունը համարում են ավելորդ։
Դժվար է ասել՝ այս քայլով որքանով բարձրացավ օրենսդիր մարմնի իշխանությունը և ընդհանրապես, ի՞նչ հեղինակություն ունի մեկ հոգու խորհրդարանը։ Առավել ևս, երբ այդ մի հոգին հաճախ է բացակայում երկրից։
Արմինե Արմենակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը