ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթթինգի» իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթթինգի» իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները»,- ասել է Կարապետյանը։
«Արմենպրես»-ը ներկայացնում է Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը.
«Հարգարժան պարոն վարչապետ,
Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցին Հայաստանի և Վենետիկի Հանձնաժողովի միջև սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:
Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունն, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:
Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:
Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եւրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են:
Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը