168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ մտահոգել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հասարակության շրջանում աճող հեղինակությունն ու բարձր ռեյտինգները։
Ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների՝ քաղաքացիները հատկապես բարձր են գնահատել կառավարության այդ երկու անդամների աշխատանքը։ 1-5 բալային սանդղակով, ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ:
Ըստ նույն ընկերության՝ Փաշինյանի ռեյտինգը 10 տոկոսով նվազել է։ Փաշինյանին, սակայն, մտահոգել են երկու տվյալներ։ ԶԼՄ-ներից մեկը վերջերս տեղեկություն էր հրապարակել, որ ԱԱԾ-ն հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն էր իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:
Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս:
«Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում և տարիքային խմբերում»,- գրել էր լրատվամիջոցը:
Օրեր առաջ էլ ողջ հասարակությունն ականատես դարձավ մեկ այլ փաստի. Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին ընդամենը 1100 մարդ էր արձագանքել։
Ընդ որում, այդ տվյալները հրապարակել էր Փաշինյանին սատարող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը։Եվ ահա, մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում են, որ «Իմ քայլ»-ականների կողմից հրապարակային որոշ հայտարարություններ կարվեն և պահանջներ կներկայացվեն՝ նաև Վանեցյանի և Տոնոյանի հետ կապված։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության փակ քննարկումներում ևս մի քանի անգամ շոշափվել են նրանց անունները։ Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանին հիմա ամենամտահոգող հարցն իր ռեյտինգի անկումն է, որն այլևս հնարավոր չէ շոուներ հիշեցնող հայտարարություններով բարձրացնել։
«Մարդիկ հոգնել են շուներից, ոնց որ հրաբխի վրա ապրեն, կոնկրետ որևէ գործ չի արվում, ելույթներով հո չե՞ս կարող մարդկանց կերակրել»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ Փաշինյանի կուսակցությունում էլ են շատերը սա հասկանում և մտմտում են շարքերը լքելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը