20 05 2019

Մեր միջնորդությունը լարվածությունը թուլացնելու նպատակ ուներ. Բակո Սահակյան

Մեր միջնորդությունը լարվածությունը թուլացնելու նպատակ ուներ. Բակո Սահակյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահի Բակո Սահակյանը նշել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: 

«Մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա  թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր ՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-նշեց Բակո Սահակյանը:

Անդրադառնալով վարչապետի ելույթին, որում նա նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, Արցախի նախագահը նշել է՝ եթե կան այդպիսի գործիչներ և ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել․ «Եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-նշեց Բակո Սահակյանը:

Ինչ վերաբերում է իր՝ ԱԺ գալուն, Բակո Սահակյանը նշել է․ «Մենք պայմանավորել ենք դեռ Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ, որ պարտավոր ենք խոսել այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից համարվում են որպես առաջնահերթ խնդիրներ եւ այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքներ։ Գտնում եմ՝ այս ձեւաչափը օգտակար է բոլոր առումներով»

Կհաջողվի՞ այդպիսով հարթել Արցախի և ՀՀ իշխանությունների միջև եղած լարվածությունը։ Հարցին Բակո Սահակյանը պատասխանել է . «Ես այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում, բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություններ, իսկ եթե առաջանում են նման երեւույթներ, ապա մենք պարտավոր ենք ամեն ինչ անել եւ շրջանցել այսպիսի իրավիճակները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ