Դատախազության մասին ՀՀ օրենքի 72-րդ հոդվածում մի քանի կետ վերաբերում է դատախազի բարոյական կերպարին։ Հենց առաջին մասում ասվում է․ «Դատախազը պարտավոր է ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց․․․»։
Իսկ սա բարոյական նկարագրի ինչպիսի՞ դրսևորում է։ Այսպես դատախազության նկարագի՞րն են պահպանում, հեղինակությո՞ւնը։ Կամ էլ գուցե, գունափոխության պատճառն այն է, որ օրենքն ընդունվել է 2017-ին, հետադարձ ուժ չունի, իսկ Բիշարյանը դատախազ է վաղուց։
Իսկ ի՞նչ է նույն դատախազն ասելու հետո, երբ փոխվի այս իշխանությունը, գա նորը և նորից քննվի մարտի 1-ի գործը, իսկ ինքը լինի մեղադրող դատախազ։
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանում 2019թ. մայիսի 16-ին հիմնավորելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը, ասում է.
«Կան փաստական տվյալներ, որոնք վկայում են՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարանը այն գործողությունները, որոնք իրեն մեղսագրվում են, չի կատարել որպես իր կարգավիճակից բխող գործողություն... Արդյո՞ք այն գործողությունները, որ մեղսագրվում են Ռոբերտ Քոչարյանին, կատարվել են հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում։ Այն, որ Հանրապետության նյախագահը բարձրաստիճան զինվորականներին հավաքել է որպես Հանրապետության նախագահ, դա չի նշանակում, որ մնացյալ գործողությունները եղել են Հանրապետության նախագահի՝ սահմանադրությամբ սահմանված լիազորությունների տիրույթում»։
Հավելում է, թե տրվել են հանձնարարականներ և գործողություններ, որոնք արտահայտվել են զինվորական ուժերը ներքաղաքական գործողություններում ապօրինի ներգրավելով։ Եվ եզրակացնում է. «2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն արձակել է սահմանադրությանը հակասող և ապօրինի հրամանագիր արտակարգ դրություն սահմանելու մասին»։
Մեղադրող դատախազը, բնականաբար, պետք է խոսի այդ դիրքերից։ Բայց այստեղ հարցն այլ է։ Նույն Կարեն Բիշարյանը 2018 թվականի փետրվարի 23-ին կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ բոլորովին այլ տեսակետ էր հայտնում։
Դանիել Իոաննիսյանի հարցին՝ արդյո՞ք քննության առարկա են դարձել, թե որքանով են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրամանները նպաստել սպանություններին։ Օրինակ՝ 0038 հրամանը որևիցե ձև քրեական գործի մեջ շրջանառվո՞ւմ է։ Կարեն Բիշարյանը պատասխանում է «Քննության առարկա են բոլոր իրական վարկածները, ոչ երևակայական...Դատավարության մեջ հայտնի է, որ որևէ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզման համար նախ պետք է հանցագործության կատարման փաստին և հանգամանքներին վերջնական իրավական գնահատական տանք։ Ինչ վերաբերում է 0038 հրամանին, քննվող քրեական գործով նման հրաման լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա»։
Դատախազը, փաստորեն, ուղիղ մեկ տարի առաջ այլ տեսակետ է հայտնում։ Սա շատ սովորական երևույթ է դարձել Հայաստանում՝ այսպես կոչված՝ հեղափոխությունից հետո։ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներն էլ 2009 թվականի օրենքի վերաբերյալ այլ դիրքորոշում ունեին և 7-ի գործով 7-ից էլ մեղադրանքը հանեցին, բայց հիմա այլ դիրքորոշում ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը