16 05 2019

Փոխվարչապետը վստահեցնում է՝ կառավարությունում տարբեր թևեր չկան

Փոխվարչապետը վստահեցնում է՝ կառավարությունում տարբեր թևեր չկան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ սպասվող կրճատումներին, Ամուլսարի խնդրին, իշխանության ներսում եղած թևերին և այլ հարցերի։

Ամուլսարի ներդրումային ծրագրին անդրադառնալով՝ փոխվարչապետը նշեց՝ եթե ընկերությունը բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, շարունակելու է իր գործունեությունը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ «Էլարդ» ընկերության կողմից մայիսի վերջին հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները Քննչական կոմիտեին է հանձնվելու, և նախնական պատկերը մայիսի վերջին հստակ կլինի։

Ներիշխանական թևերի թեմային անդրադառնալով՝ Ավինյանը նշեց․ «Չգիտեմ ՝ ինչ թեւերի մասին է խոսքը, առհասարակ ինձ թվում է նորմալ պրակտիկա է, որ մամուլը այդպիսի լուրեր է տարածում։ Մեկ–մեկ ինձ թվում է՝ այդ լուրեր ավելի հետաքրքիր են եւ թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է, կառավարությունը որպես մեկ թիմ է գործում, լինում են հարցեր, որ մի խումբ մարդիկ են իրար հետ համակարծիք լինում, մեկ այլ հարցում ՝ մի այլ խումբ մարդիկ են համակարծիք լինում, բայց ասել, որ կառավարության ներսում խմբավորումներ  կան, ես չեմ նկատել այդպիսի բան»,–նշեց նա։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին և ներթիմային թեժ պայքարի մասին լուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց՝ քարոզարշավը շատ բնական երևույթ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների պարագայում, և ամեն ինչ նույն ժողովրդավարության սկզբունքների վրա է հիմնված, այսինքն՝ ղեկավար մարմինն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ։

Իսկ կրճատումների թեմային անդրադառնալով՝ փոխվարչապետը նշեց՝ դեռևս զանգվածային կրճատումներ չկան ու առաջին փուլում չեն էլ պլանավորվում:

Տիգրան Ավինյանը դժվարացավ պատասխանել՝ քանի փոխնախարար կլինի ամեն նախարարությունում: «Գործառույթներից ելնելով է որոշվելու: Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյո՞ք թերբեռնված կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները, ու ըստ ֆունկցիաների ու գործառույթների` քանակները կհստակեցվեն», - հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ