Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Ղարաբաղում «հեղափոխություն» իրականացնելու վերաբերյալ, իրականում, դատարկ խոսքեր չի կարելի համարել: Ըստ Փաշինյանի` Հայաստանում ապրիլյան հեղափոխության ալիքը պետք է «տեղափոխել» Արցախ, քանի որ առանց դրա «հեղափոխական» Հայաստանի և «հակահեղափոխական» Արցախի միջև կարող է դասակարգային անջրպետ առաջանալ: Իսկ Արցախի նախագահների վերջին նամակը` ուղղված գլխավոր դատախազին, ըստ փաշինյանականների, դրա վկայությունն է:
Այսպիսով, կարելի է պնդել, որ Փաշինյանի համար Ղարաբաղում հեղափոխության իրականացման նախագծի կյանքի կոչումը կենսական անհրաժեշտություն է:
Հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում Փաշինյանի վարկանիշի անկման արդյունքում, ըստ փաշինյանականների, հենց Ղարաբաղը կարող է դառնալ Փաշինյանի հակառակորդների գլխավոր հենակետը:
Մյուս կողմից Ղարաբաղում «հեղափոխություն» իրականացնելու երազանքը միշտ եղել է Բաքվում և Անկարայում, քանի որ այստեղ շատ լավ հասկանում են, որ «հեղափոխության» արդյունքում Ղարաբաղը կարող է վերջնականապես պառակտվել, որի արդյունքում Ադրբեջանը կարող է դրանից օգտվել և բլից-կրիգով լուծել բոլոր հարցերը:
Գիտակցու՞մ է արդյոք դա Փաշինյանը: Իհարկե գիտակցում է, բայց նրա անձնական շահը տվյալ պարագայում հենց դա է պահանջում:
Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, ովքեր համոզված են, որ «ղարաբաղցիների հարցը Հայաստանում հնարավոր է լուծել միայն Ղարաբաղը զոհաբերելով, քանի որ Ղարաբաղը խանգարում է Հայաստանին հարևանների հետ խաղաղ գոյակցել և զարգանալ»: Այս տեսակետի կողմնակիցները հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ են, որոնք սակայն փորձում են թաքցնել իրենց այս մտքերը: Բացի այդ, այս տեսակետը տարածված է նաև դրսի գրանտներից սնվող որոշ գործիչների մոտ:
Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի MIT գաղտնի ծառայության զեկուցագրերը Հայաստանի վերաբերյալ հիմնական մեկ թեզ է առաջ քաշում, այն է,- «...նպաստել, որպեսզի Հայաստանում Ղարաբաղի և ղարաբաղցիների հանդեպ բացասական տրամադրություններ առաջ գան, քանի որ դա է միակ գրավականն այդ երկրի բնակչությանը պառակտելու համար...»: Բացի այդ, նույն զեկուցագրում, կարևորվում է, որ «...հայ հանրության մոտ ուժգնանան հակառուսական տրամադրությունները...»:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի, լևոնականների, դրսի հիմնադրամներից ֆինանսավորվողների և թուրքական հատուկ ծառայությունների մոտ կոնկրետ Ղարաբաղի հանդեպ կա մեկ ընդանուր հայտարար:
Թե ինչպե՞ս է այդպես ստացվել, այլ, ավելի լուրջ խոսակցության թեմա է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը